Մամեդովը մտափոխվել է՝ Բաքուն դեմ չէ Կասպրշիկի մանդատի ընդլայնմանը

Մամեդովը մտափոխվել է՝ Բաքուն դեմ չէ Կասպրշիկի մանդատի ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի առարկում ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով գործող նախագահի լիազորությունների ընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մամեդովն ասել է, որ նախագահների Վիեննայում կայացած հանդիպմանը Ադրբեջանը չի առարկել դիտարկման համար ԵԱՀԿ նախագահի մանդատի ընդլայնման դեմ:

Ավելի վաղ Մամեդովը, մեկնաբանելով համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ, հայտարարել էր, որ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում զգալի փոփոխություններ լինել չեն կարող: «Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք նման պարտավորություններ չենք ստանձնել»,-ասել էր նա:

«Վիեննայի հանդիպմանը մենք համաձայնվել ենք ամրապնդել հրադադարի ռեժիմը ապագայում բանակցությունները շարունակելու համար: Ամենակարևորն է, որպեսզի առաջիկայում պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, սադրանքներ չլինեն, որպեսզի հունիսին սկսվի բանակցային գործընթացը»,-ասել էր Մամեդովը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Մամեդով. Բաքուն դեմ է Կասպրշիկի լիազորությունների ընդլայնմանը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---