Վրաստանը կուժեղացնի հսկողությունն Աբխազիայի հետ սահմանին իր քաղաքացու սպանությունից հետո

Վրաստանը կուժեղացնի հսկողությունն Աբխազիայի հետ սահմանին իր քաղաքացու սպանությունից հետո

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները որոշել են ուժեղացնել Աբխազիայի հետ սահմանը աբխազ սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունից հետո: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Պետանվտանգության ծառայության փոխղեկավար Լևան Իզորիան, հայտնում է Lenta.ru-ն:

Իզորիան նշել է, որ վրացական կողմը մտադիր է ուժեղացնել սահմանի պարեկությունը` թույլ չտալու համար նման միջադեպերի կրկնությունը: Նա նաև հայտնել է, որ Թբիլիսին մտադիր է վերջին 4 տարում առաջին անգամ հանդիպել աբխազական կողմի հետ Միջադեպերի կանխման ու արձագանքման մեխանիզմների շրջանակում, ինչպես նաև պահանջել է պատժել մեղավորին:

Վրաստանի ՆԳ փոխնախարար Արչիլ Թալակվաձեն հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է սահմանին լրացուցիչ հսկիչ անցակետեր տեղակայել, սակայն, խոստովանել է, որ դա պահանջում է միջազգային միջնորդների միջամտությունը:

Աբխազիայի ՆԳՆ-ն իր հերթին կոչ է արել վրացական իշխանություններին չօգտագործել Վրաստանի քաղաքացի Գիգի Օտխոզորիայի սպանությունը իրավիճակը սրելու նպատակով: «Ցավալի է, որ վրացական կողմը, մասնավորապես, Վրաստանի ՆԳՆ-ն, որոշել է օգտագործել այդ իրադարձությունն իրավիճակը սրելու համար` հերթական անգամ փորձելով միավորներ հավաքել տեղեկատվական պատերազմում»,-ասվում է հայտարարության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ին Վրաստանի և Աբխազիայի սահմանին` «Նաբակիա» հսկիչ անցակետում: Ըստ պաշտոնական Սուխումի, Աբխազիայի սահմանապահ զինծառայողի և Վրաստանի քաղաքացի Գիգի Օտխոզորիայի միջև, որը փորձել է անցնել սահմանն առանց փաստաթղթերի և եղել է ոչ սթափ վիճակում, վիճաբանություն է տեղի ունեցել: Արդյունքում Օտխոզորիան սպանվել է:

Ըստ Վրաստանի գլխավոր դատախազության, Օտխոզորիան փարձել է աբխազ սահմանապահների հետ պայմանավորվել մթերքի ներմուծման մասին: Նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որից հետո Օտխոզորիան վերադարձել է Վրաստանի տարածք, սակայն աբխազ սահմանապահները հասել են նրան, որից հետո նրանցից մեկը` Ռաշիդ Ղանջիօղլուն, մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա:

Օտխոզորիայի սպանության փաստով Աբխազիայի և Վրաստանի իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել:

Միջադեպը նկարահանվել է և տեղադրվել համացանցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---