Աժ փոխնախագահ. ՀՀ-ն կարևորում է շփման գծում հետաքննության մեխանիզմների առկայությունը

Աժ փոխնախագահ. ՀՀ-ն կարևորում է շփման գծում հետաքննության մեխանիզմների առկայությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևորում է բանակցությունների վերսկսման համար շփման գծում հետաքննության և վստահության մեխանիզմների առկայությունը և հուսով է, որ այս հարցում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հետևողական կլինի: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին` ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մանրամասները` նշելով, որ այն ուղեկցվել է ռազմական մի շարք հանցագործություններով. խոշտանգվել են ոչ միայն զինվորականներ, այլև խաղաղ բնակիչներ: Էդուարդ Շարմազանովը հյուրին է փոխանցել այդ փաստերը հավաստող նյութեր, որոնց մի մասն, ի դեպ, տեղ է գտել ադրբեջանական մամուլում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ տեղի ունեցած խոշտանգումները հիշեցնում են Օսմանյան Թուրքիայի և ԻՊ ձեռագիրը:

Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև Էդելգարդ Բուլմահնը դրական են գնահատել օրեր առաջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Բուլմահնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ ճանաչելով և դատապարտելով 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը՝ կանխվում է մարդկության դեմ հնարավոր նոր ցեղասպանությունների իրագործումը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնել հայ-գերմանական բազմակողմ հարաբերությունները, որոնց թվում նաև՝ միջխորհրդարանական համագործակցությունը տարբեր ձևաչափերում: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ այս տարի կստորագրվի փաստաթուղթ Հայաստանի և Եվրամիության միջև: Էդուարդ Շարմազանովը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը:

Էդելգարդ Բուլմահնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորել տարբեր հարթություններում հարաբերությունների խորացումն ու փոխայցերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում շրջանառվող բանաձևին՝ Բուլմահնը նշել է, որ բանաձևում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում: Նա կարևորել է Գերմանիայի կողմից պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես դա եղել է Հոլոքոստի զոհերի հարցում: Փոխնախագահը նշել է, որ բանաձևում առկա ուղերձները նաև Թուրքիային են ուղղված:

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Էդելգարդ Բուլմահնը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա և կյանքի կկոչվեն. հակառակ դեպքում կլինի իրավիճակի կրկնություն, որը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ: Նա իր համաձայնությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն տեսակետին, ըստ որի, հակամարտության կարգավորումը չպետք է ունենա ռազմական լուծում:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Նալբանդյանը՝ ԵԽ նիստին. Հետաքննության մեխանիզմի ներդրումը կարող է օգնել բանակցությունների վերսկսմանը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---