ԱԳ փոխնախարարը` Ստամբուլում. Ալիևն անձնական պատասխանատվություն է կրում ագրեսիայի համար

ԱԳ փոխնախարարը` Ստամբուլում. Ալիևն անձնական պատասխանատվություն է կրում ագրեսիայի համար

PanARMENIAN.Net - Ստամբուլում Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Ստամբուլում անցկացված Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովում: Նա առաջին հերթին անդրադարձել է ապրիլի սկզբի չորսօրյա պատերազմին:

Մայիսի 23-24-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ղեկավարությամբ ՀՀ պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի աշխատանքներին:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջերս իրականացված զարհուրելի բարբարոսությունը, ներառյալ քաղաքացիական բնակչության` հատկապես երեխաների, կանանց և տարեցների, ինչպես նաև քաղաքացիական հաստատությունների` ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների, դիտավորյալ ու համատարած թիրախավորումը, սպանությունները, գլխատումները, խոշտանգումները ու զոհերի մարմինների անդամահատումներն անհամատեղելի են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի հետ», - հայտարարել է Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ այդ ամենը արդյունք է հայերի հանդեպ ռասիզմի, անհանդուրժողականության ու ատելության խրախուսման երկարատև քաղաքականության, որն իրականացվում է ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների թողտվության պայմաններում: «Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ու կանոնավոր խախտումները և բարձրագույն քաղաքական մակարդակով` հանցագործություններում անմիջականորեն ներգրավված անձանց փառաբանումն ինքնին հանդիսանում են մարդկության դեմ կատարված և պատերազմական հանցագործություններ», - ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

Արձագանքելով նախորդ օրը գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին՝ Աշոտ Հովակիմյանը շեշտել է, որ «Ադրբեջանի նախագահը, ով կրում է անձնական պատասխանատվություն ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին և ԻՊ ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, երեկ այս բարձր ամբիոնից տարածում էր հորինված մեղադրանքներ հայերի հանդեպ»:

«Նրա արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, և իհարկե Հայաստանի զինված ուժերը երբևէ չեն կիրառել քիմիական զենք: Հաշվի առնելով, թե Ադրբեջանի նախագահը որքան հաճույք է ստանում, մեջբերելով Հայաստանի նախկին պաշտոնյաների խոսքերը, վստահաբար ավելի լավ կլիներ, եթե նա հղում կատարեր իր նախորդներից մեկին, ով մեղադրում էր Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությանն` իր իսկ սեփական ժողովրդին Խոջալուում կոտորելու համար», - ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

Աշոտ Հովակիմյանը անդրադարձել է նաև Սիրիայի փախստականների խնդրին՝ նշելով, որ Հայաստանը առաջիններից մեկն էր, որ խստորեն դատապարտեց «Իսլամական պետության» և ահաբեկչական մյուս խմբավորումների բարբարոսական գործողությունները ընդդեմ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ սիրիահայերի:

«Հայաստանը Սիրիայից մոտավորապես 20 հազար փախստականների է ընդունել՝ դառնալով ըստ բնակչության թվաքանակի ամենաշատ փախստականների ընդունած երկիրը Եվրոպայում», - ասել է փոխնախարարը՝ նշելով, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերից շատերը Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են:

Իր ելույթի վերջում Հովակիմյանը կարևոր է համարել միջազգային հանրության կողմից փախստականներին և տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը՝ ասելով, որ արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է ունենան համընդհանուր կիրառելիություն՝ անկախ մարդկանց բնակվելու վայրի կարգավիճակից, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև հարակից ընթացող կլոր սեղանի քննարկումներին` նվիրված հակամարտությունների կասեցման, փախստականների ու տեղահանվածների օժանդկակության խնդիրներին: ՀՀ փոխնախարարը մասնակցել ու ելույթ է ունեցել նաև Լիխտենշտեյնի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելման խնդիրներին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---