ԶԼՄ-ներ. Քուրդ զինյալները 3 բնակավայր են ազատագրել Ռաքքայի մատույցներում

ԶԼՄ-ներ. Քուրդ զինյալները 3 բնակավայր են ազատագրել Ռաքքայի մատույցներում

PanARMENIAN.Net - Քուրդ զինյալների կազմավորումները, որոնք կազմում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր խմբավորման կորիզը, շարունակում են գրոհը Ռաքքայից դեպի հյուսիս: Քրդերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են 3 բնակավայր` Քարտաժան, Էլ Ֆատիսաը, Հադրիյաթը: Գրոհայինները կորուստներ են կրել ու նահանջել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գործողության միայն մեկ օր է անցել, դեռ վաղ է խոսելը մարտի հաջողության մասին»,-հայտարարել է քուրդ զինյալների ներկայացուցիչ Թալյալ Սիլլոն:

Ըստ նրա, աշխարհազորայիններն այս փուլում Ռաքքայի կենտրոնն ազատագրելու խնդիր չեն դնում իրենց առջև: «Քաղաքը լավ պաշտպանված է, այժմ խնդիր է դրված հսկողություն հաստատել Ռաքքայից դեպի հյուսիս ընկած տարածքում և կտրել ահաբեկիչներին թուրքական սահմանի մոտ գտնվող մատակարարման բազաներից»,-ասել է Սիլլոն: ԻՊ-ն Ռաքքան իր «մայրաքաղաքն է» համարում:

Քրդական ջոկատներն այժմ Ռաքքայից 50-60 կմ հեռավորության վրա են: Նրանց օդից սատարում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդուժը, որը հարվածներ է հասնում ԻՊ դիրքերին ու ճամբարներին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ քրդերի ինքնապաշտպանության ուժերը պատրաստվում են գրոհել սիրիական Ռաքքան: Մայիսի 19-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան թռուցիկներ է տարածել Ռաքքայի շրջանում` կոչ անելով խաղաղ բնակիչներին լքել քաղաքը:

Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորրենը հայտարարել էր, որ Ռաքքայում գրոհայինները արտակարգ իրավիճակ են հայտարարել և պատրաստվում են դիմակայել քաղաքի պաշարմանը: Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինն իր հերթին հայտնել էր, որ Սիրիայի Զինված ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ պատրաստվում են հարձակման անցնել Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ:

Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Պալմիրան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---