Առաջնագիծ մեկնող կամավորների աշխատանքի իրավունքը պաշտպանող օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Առաջնագիծ մեկնող կամավորների աշխատանքի իրավունքը պաշտպանող օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ մայիսի 25-ի նիստում քննարկել են ապրիլյան պատերազմով պայմանավորված Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է դրանք՝ ընդգծելով, որ դրանք պայմանավորված են Ադրբեջանի կողմից 1994-ի զինադադարի խախտման և 2016 ապրիլի 1-ից հետո սանձազերծված ռազմական գործողություններով, ինչպես նաև հետագայում հնարավոր նախահարձակ գործողություններով:

Փոփոխությունների նպատակը, ըստ նախարարի՝ առաջնագիծ մեկնող կամավորականների աշխատանքային իրավունքների լիրաժեք պաշտպանությունն է և դրանց իրավական հիմքերի ապահովումը, գրում է Armtimes.com-ը:

Ասատրյանն ասել է, որ նախատեսվում է Աշխատանքային օրենսգրքում սահմանել լրացուցիչ երաշիքներ, որպեսզի կամավորական հիմքունքով ծառայողը ծառայելու ընթացքում չզրկվի աշխատանքից և աշխատավարձից:

Առաջարկվող փոփոխություններով ծառայելու ընթացքում կամավորականների աշխատատեղը պետք է պահպանվի, իսկ վարձատրությունը կազմակերպվի կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը նկատել է, թե արդյոք այն, ինչ ասում է նախարարը, վերաբերվելու է պետական հիմնարկներում աշխատողներին: «Իսկ եթե անհատ ձեռներեցներ են և հարկայինը պահանջում է, որ հարկային վճար անեն, չնայած չեն աշխատել. ի՞նչ է լինելու այս դեպքում, ո՞ր մարմինն է միջամտելու»,- հետաքրքրվել է պատգամավորը՝ ընդգծելով, որ պետք է հարցին համապարփակ լուծում տալ:

Նախարարն ի պատասխան ընդգծել է, որ այս խնդիրն առաջացել է ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ, երբ մի շարք գործատուներ աշխատանքից ազատել էին կամավորականներին: Վստահեցրել է, որ առաջարկվող լուծումը վերաբերում է և պետական և ոչ պետական հիմնարկներում աշխատողներին:

Կամավոր սկզբունքով սահմանում գտնվող հետախուզական դասակի հրամանատար, հայտնի ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյանը) մայիսին տեղեկացրել էր, որ սահման մեկնած կամավորներից շատերը հեռացվել են աշխատանքից: Խոսքը գնում է ոչ պետական հիմնարկների մասին: «Իմ դասակից միայն նման խնդրի հետ բախվել է 7-8 հոգի: Բայց հարցը ԶԼՄ-ների հրապարակումներից հետո դրական է լուծվել. մի մասին հետ են վերցրել գործատուները՝ վախենալով աղմուկից, մյուս մասի խնդիրները լուծվել են նախագահի մակարդակով», - տեղեկացրեց նա PanARMENIAN.Net ին՝ հավելելով, որ խոսքը միայն իր դասակի մասին է, իսկ այլ կամավորների խնդիրների լուծման ընթացքի մասին չի կարող հստակ տեղեկատվություն տրամադրել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---