Իրանը տարանցիկ երթուղին դեպի ԵՄ կանցկացնի Ադրբեջանով ու Վրաստանով` շրջանցելով Թուրքիան

Իրանը տարանցիկ երթուղին դեպի ԵՄ կանցկացնի Ադրբեջանով ու Վրաստանով` շրջանցելով Թուրքիան

PanARMENIAN.Net - Աշխատանք է տարվում նոր տրանսպորտային երթուղի մշակելու ուղղությամբ, որը կկապի Իրանի հարավային Բենդեր-Աբբաս նավահանգիստը ԵՄ հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթուղային ճանապարհների պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին:

Ըստ նրա, նոր երթուղին կանցնի Իրանի և Անդրկովկասի երկրների տարածքով: Վերջնակետը Եվրամիությունն է: Աշուրին հայտնել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Ադրբեջանի և Վրաստանի հետ` նոր տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին:

«Երթուղին ներառելու է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ: Այն անցնելու է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով: Նախագիծը մշակվել է հատուկ Թուրքիան շրջանցելու համար` ԵՄ ապրանքներն արտահանելիս: Նախագծի իրականացման արդյունքում տեղափոխման ժամանակը կկրճատվի 45-ից մինչև 23 օր: Նախագծին կմասնակցեն ՌԴ-ն և Ֆինլանդիան»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը Press TV-ի վրա հղումով:

Իրանի ու Հայաստանի ցամաքային կապը կոչված է ամրապնդել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը: Միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կկապվեն միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:Ծրագիրը նաև կհեշտացնի Իրանի ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ:

Ըստ նախնական ծրագրի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը գնահատվում է 3,5 մլրդ դոլար: Հայաստանը 300 կմ երկարությամբ երկաթուղի պիտի կառուցի մինչև Իրանի սահմանը և մոտ 100 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ ու կամուրջներ, երկաթուղին կունենա 27 կայարան: Ըստ նախագծի` երկաթգիծը սկիզբ է առնելու Գավառի մոտակայքից ու ձգվելու է մինչև Մեղրիի մոտակայքը և միանալու է Հայաստանի կենտրոնական երկաթուղային համակարգին:Երկաթուղով տարեկան նախատեսվում է փոխադրել 18,3 մլն տոննա բեռ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---