Երևանի փողոցներից մեկը եզդի հերոս Ջահանգիր Աղայի անունով կկոչվի

Երևանի փողոցներից մեկը եզդի հերոս Ջահանգիր Աղայի անունով կկոչվի

PanARMENIAN.Net - Երևանի Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդի ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ կկոչվի: Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 25-ի Երևանի ավագանու ննիստի ժամանակ:

Ի հիմնավորում վերոնշյալ որոշման ընդունման անհրաժեշտության` նշվել է, որ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան նախ իր զինվորների օգնությամբ Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ 1918 թվականին էլ նա իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին:

Փողոցի անվանակոչության վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել էին Հայաստանում եզդիական մի շարք հասարակական կազմակերպությունների և միավորումների կողմից:

Ջահանգիր աղան ծնվել է 1874 թվականին Վանի գավառի Չիբուղլի գյուղում, եզդի ցեղապետ Խատիֆ աղայի ընտանիքում: Զորավար Անդրանիկի մարտական ընկերն էր, Հայոց ցեղասպանության և դրան ուղեկցող եզդիների ջարդերի ժամանակ եղել է ինքնապաշտպանության առաջնորդներից մեկը: Ջահանգիր աղան եղել է նաև 1918 թվականի մայիսյան հերոսամարտին մասնակցած եզդիական ջոկատների հրամանատարը, Առաջին հանրապետության բանակի կազմում շարունակել է ծառայությունը՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարության ներքո: Ձեռբակալվել է 1938 թվականին, մահացել է 1943 թվականին Սարատովի բանտերից մեկում։ 1959 թվականին հետմահու ռեաբիլիտացված է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---