Ադրբեջանցի լրագրող Իսմայիլովան ազատ է արձակվել

Ադրբեջանցի լրագրող Իսմայիլովան ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում վաղաժամկետ ազատ է արձակվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հղումով հաղորդում է ռադիոկայանի հայկական բաժինը:

2015-ի սեպտեմբերին հետաքննող լրագրող Իսմայիլովան դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելն ու ծախսելը), 192-րդ հոդվածի (անօրինական գործարարություն), 213-րդ հոդվածի (հարկերից խուսափելը) և 308 հոդվածի (լիազորությունների չարաշահումը) հատկանիշներով։

Պատիժը փոխարինվել է 3.5 տարվա պայմանական ազատազրկման՝ 5 տարվա փորձաշրջանով, հայտնում է Kavkaz-uzel.ru-ն:

2016-ի հունվարին Ադրբեջանական բանտում գտնվող Խադիջա Իսմայիլովան ընդունել է հանրահայտ իրավապաշտպան Ամալ Քլունիի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում որպես իր պաշտպան հանդես գալու առաջարկը։ Քլունին կարծիք էր հայտնել, որ դիվանագիտական ճնշումը կարող է ազդեցություն ունենալ իշխանության վրա:

2016-ի հունվարին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Իսմայիլովայի գործով երկրորդ անգամ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` հայտնելով, որ ցանկանում է հանդես գալ այդ գործով որպես երրորդ անձ: Առաջին անգամ Մուժնիեկսը այդ հարցով դիմել էր 2015-ի սեպտեմբերի 23-ին:

Մուժնիեկսը նշել է, որ իրավապաշտպանների վիճակն Ադրբեջանում շատ մտահոգիչ է: Ադրբեջանը չի կատարում քաղաքացիների ազատությունները պաշտպանելու իր հանձնառությունը:

Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---