Ասատրյան. Զոհվածների ընտանիքներին օգնությունը պարբերաբար է լինելու

Ասատրյան. Զոհվածների ընտանիքներին օգնությունը պարբերաբար է լինելու

PanARMENIAN.Net - Բացի միանվագ վճարումներից, զոհվածների ընտանիքներին կուղղվեն նաև պարբերական վճարումներ: Այս մասին Մայիսի 26-ին խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Մեծ թիվ կազմեցին նաև անհատ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից ինքնաբուխ օգնության տրամադրման աշխատանքները, որոնք ևս նպաստեցին այս խնդիրների կարգավորմանը: Ինչ վերաբերում է պետական մակարդակով լուծումներին, հիմա արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ունենք, դրանց մի մասն առաջիկայում կառավարությունը կհաստատի»,- ասել է Ասատրյանը:

Նա նշել է, որ օրենսդրությամբ նախատեսված կարգով, զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում են մոտ 4 մլն դրամի ապահովագրական վճարներ, դրանք հուղարկավորությունը կազմակերպելու և հետագա ծախսերին են վերաբերում: Բացի միանվագ վճարումներից, կլինեն նաև պարբերական վճարումներ:

Ըստ նախարարի` կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում նախատեսվում է հատկացումներ կատարել նաև կամավորականների ընտանիքներին, գրում է Yerkir.am-ը:

Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական գումարի չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է 1 մլն դրամ փոխհատուցման գումար: Հաշմանդամ դարձած զինծառայողների համար ևս գործում է պետական ապահովագրության համակարգը. 1-ին խմբի հաշմանդամներին տրամադրվում է 500 հազար դրամի չափով միանվագ ապահովագրական գումար, 2-րդ խմբին՝ 400 հազար, 3-րդ խմբին՝ 300 հազար դրամ գումար:

Կարդացեք նաև՝ Ավագանու որոշումը. Երևանաբնակ զոհված զինվորների՝ վարձով ապրող 3 ընտանիք բնակարան կստանա

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---