Գնումների գործընթացի թափանցիկությունը կբարելավվի. Վարչապետը հանձնարարականներ է տվել

Գնումների գործընթացի թափանցիկությունը կբարելավվի. Վարչապետը հանձնարարականներ է տվել

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության մայիսի 26-ի նիստում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում է ՀՀ ֆինանսների նախարարությանն առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում:

Դրանով հնարավորություն կնձեռվի յուրաքանչյուր հետաքրքրվող անձի էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացի արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձման ակտեր, կատարողական ակտեր, հաշիվ-ապրանքագրեր և այլն:

«Միաժամանակ, ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն»,-ասել է վարչապետը, գրում է Tert.am-ը:

Նա հանձնարարել է նշված հաշվետվությունները ներկայացնել տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները և այլն: Կարելի է տեսնել նաև ըստ պատվիրատուների, առանձին գնման ժամանակ ստացած նվազագույն և առավելագույն գներն ու հաղթողի առաջարկած գինը:

Մայիսի 12-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պայքար է սկսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ` գերատեսչությունների ղեկավարներին երեք շաբաթ ժամանակ տալով իրավիճակը վերլուծելու և ներկայացնելու:

ՀՀ կառավարության մայիսի 19-ի նիստում Աբրահամյանն, անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած իր տեսլականին, հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի ներկրումով զբաղվողների համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար:Վարչապետը հանձնարարել է այդ հուշաթերթը տեղադրել նախարարության կայքում: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև լաբորատոր ստուգումների արդար արդյունքների ապահովումը:

Աբրահամյանը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ:

Կարդացեք նաև՝ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչություն կստեղծվի

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---