Ավստրիայի նախագահը քննադատել է Ադրբեջանին՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման համար

Ավստրիայի նախագահը քննադատել է Ադրբեջանին՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման համար

PanARMENIAN.Net - Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման համար և կոչ է արել հաշվի առնել գրասենյակի վերաբացման հնարավորությունները: Այս մասին Ֆիշերն ասել է Լոնդոնում գրանցված թուրքական The Business Year ամսագիրն Ադրբեջանի վերաբերյալ թողարկված մայիս ամսվա համարում հրապարակված հարցազրույցում, հայտնում է Panorama.am-ը:

Հակառակ դեպքում, ասել է Ֆիշերը, գրասենյակի բացակայությունը «կարող է հանգեցնել ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի մեկուսացմանը»:

Հիմնականում Ադրբեջանի հետ երկկողմ տնտեսական հարաբերություններին նվիրված հարցազրույցի առաջին հարցը վերաբերել է 2017թ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթություններին: Շեշտելով ԵԱՀԿ-ի՝ որպես հակամարտությունների կարգավորման հարթակի կարևորությունը, Հայնց Ֆիշերը ընդգծել է, որ «Ադրբեջանը պետք է վերանայի ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին որոշումը և վերաբացի այն»:

Խոսելով ԵԱՀԿ-ում գալիք տարվա նախագահության առաջնայնությունների մասին, Ավստրիայի նախագահը ասել է. «Մենք լիարժեք տեղյակ ենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդրի զգայունության մասին: 2015-ին բռնության աննախադեպ աճը շփման գծի երկայնքով անհանգստության լուրջ պատճառ է: Տեղյակ լինելով Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի հետ կապված Ադրբեջանի ակնկալիքների ձախողման մասին՝ մենք, այնուամենայնիվ, համոզված ենք, որ Մինսկի խումբը միակ գործուն հարթակն է այս հակամարտության կարգավորման համար: Այս իսկ պատճառով մենք հուսով ենք, որ Ադրբեջանը կշարունակի աշխատել համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մարմինների հետ:

«2007թ Մադրիդյան սկզբունքների հիման վրա կառուցված կարգավորումը դեռևս սեղանին է և ինչքան ես տեղյակ եմ, Ռուսաստանը խթանում է նմանատիպ մի կարգավորման տեսլական»,-ասել է նա:

The Business Year ամսագիրը գովազդային հիմունքներով հնարավորություն է տալիս միջազգային հանրության դրական ուշադրության կենտրոնում չգտնվող կամ հաճախ քննադատության թիրախ հանդիսացող տարբեր երկրների (Գանա, Սաուդյան Արաբիա, Ղազախստան, Ադրբեջան, և այլն)` ազգային բրենդինգի նպատակով հատուկ համարներ հրապարակել՝ իրենց երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---