Սարգսյանն ու Բորդյուժան ՀԱՊԿ գործունեության ու տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Սարգսյանն ու Բորդյուժան ՀԱՊԿ գործունեության ու տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:

Հանրապետության նախագահը կարևորել է վերը նշված միջոցառումների անցկացումը և հույս հատնել, որ խորհրդակցության օրակարգում ներառված արդիական հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմների մշակումը և «Կոբալտ-2016» զորավարժության շրջանակներում օպերատիվ-տեխնիկական խնդիրների հաջող իրականացումը թույլ կտան առաջընթաց արձանագրել միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդեցության, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման կատարելագործման հարցում:

«Կոբալտ-2016» զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 24-ին, ավարտվել՝ մայիսի 26-ին: Վերջին օրն անցկացվել է ահաբեկչական խմբավորումների ոչնչացման ուսումնական հատուկ գործողություն` պատանդների ազատումով Արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ: Մայիսի 26-ի առավոտյան ապօրինի զինված պայմանական կազմավորումները հարձակվել են հսկիչ անցակետի վրա և ոստիկանության զորքերի պարեկային զորքերին: «Գրոհայինների» խմբեր են ներթափանցել պայմանական «Արևիկ» բնակավայր: Հրամանատարությունը որոշել է հետախուզել տեղանքը, գտնել ապօրինի կազմավորումն ու շրջափակել բնակավայրը, ուր ներթափանցել են «գրոհայինները»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համակարգված միջոցառումների մշակման համար համապատասխան իրավական և գործնական հիմքերի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, Նախագահը համոզվածություն է հայտնել, որ կազմակերպչական և գործնական բնույթի համալիր միջոցառումները, որոնք կմշակվեն «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում, ինչպես նաև այլ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, կնպաստեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործություններին հակազդեցության ոլորտում համատեղ օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանին զեկուցել է Երևանում անցկացված միջոցառումների մասին, ընդգծելով, որ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից դրանք բարձր են գնահատվել, իսկ զորավարժությունը համարվել է անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---