10  25.05.16 - Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Վերնիսաժին հարող զբոսայգում

Ճարտարապետները՝ Նժդեհի արձանի մասին. Տոտալիտար համակարգերի էսթետիկա, ռեալիզմ, խիստ սիմետրիկություն

Ճարտարապետները՝ Նժդեհի արձանի մասին. Տոտալիտար համակարգերի էսթետիկա, ռեալիզմ, խիստ սիմետրիկություն

PanARMENIAN.Net - Քաղաքում արձան շարելը չպիտի լինի ինքնանպատակ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում:Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը:

«Քաղաքաշինական տեսանկյունից բացարձակ անհասկանալի է պուրակի միջին մասում այսպիսի ուժեղ շեշտ ունենալը: Ընդհանրապես, Հայաստանում վերջին ժամանակների քաղաքաշինական ուղղաձիգ ձգտումները, խիստ սիմետրիկությունը ստալինյան ժամանակների կարոտախտի դրսևորումներն են, սակայն քանի որ, ժողովրդական լեզվով ասած, տակը բան չկա, բացի ցանկություններից, արդյունքն էլ համապատասխանում է կարողություններին», - ասաց Կարապետյանը:

Նա հավելեց. «Մյուս կողմից, զավեշտալի է, տպավորություն կա, որ Նժդեհը դեմ է Վարդան Մամիկոնի մուտքին Հանրապետության հրապարակ: Իսկ բուն արձանը քննադատելու ցանկություն չկա, դարն ապրած, ծեծված հորինվածքով է, մի խոսքով, շատ ափսոս»:

SNKH Ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Աշոտ Սնխչյանն, իր հեթին, PanARMENIAN.Net ին ասաց, որ արձանի ճարտարապետական լուծումները տոտալիտար համակարգերի էսթետիկա ունեն:

«Խիստ կենտրոնական առանցք, սիմետրիկ կոմպոզիցիա, աստիճաններ դեպի «հուշարձան»: Ճարտարապետությունը միշտ արտահայտում է հեղինակի և/կամ պատվիրատուի քաղաքական և քաղաքացիական պատկերացումները: Այս դեպքում, կարծում եմ, երկուսն էլ համընկել է: Ինչ վերաբերվում է հենց Նժդեհի պատկերումին, ապա կարծում եմ բոլորին զարմացրեց ակնհայտ նմանությունը Պետրոս առաջինին»:

Ճարտարապետը նշեց, որ իրեն անհանգստացնում է նաև վերջին շրջանում Երևանում կանգնեցվող արձանների ռեալիստական պատկերման միտումը:

SNKH արվեստանոցի մյուս ճարտարապետ Արմինե Սնխչյանին դուր չի եկել հուշարձանի մասշտաբը:

«Այն չի համապատասխանում զբոսայգու համաչափությանը: Կարծում եմ՝ ավելի ցածր պիտի լիներ: Նաև սխալ եմ համարում, որ հուշարձանը ճակատային լուծում ունի: Այսինքն այն միայն դիմացից է ընկալվում իր ամբողջական լուծմամբ», - նկատեց ճարտարապետը:

Արձանի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---