HRW իրավապաշտպան. Formula 1-ը քողարկում է Ադրբեջանի մարդու իրավունքների ճգնաժամը

HRW իրավապաշտպան.  Formula 1-ը քողարկում է Ադրբեջանի մարդու իրավունքների ճգնաժամը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շուտով կմեկնարկի Formula 1 եվրոպական Գրան պրին: Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանը կհյուրընկալի Formula 1-ը, և նավթով հարուստ պետությունը ևս մեկ անգամ որևէ ջանք չի խնայի ցույց տալու համար, որ կարող է հյուրընկալել նման խոշոր իրադարձություն, Qz.com-ում գրում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար բարձր հեղինակություն վայելող միջազգային մարզական իրադարձությունների, ինչպիսին են Formula 1-ը և անցած տարվա Եվրոպական խաղերը, հյուրընկալումն Ադրբեջանի՝ իրեն որպես ժամանակակից, բաց հասարակություն ներկայացնելու հանրային կապերի ռազմավարության մի մասն է:

Սրանք նաև հնարավորություններ են թաքցնելու երկրի վատթարացող մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և համակարգային քաղաքական ճնշումները», - գրում է Գոգիան, մեջբերում է Tert.am-ը:

Նշվում է, որ Formula One Group-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես «եվրոպական երկրի արժանի հեղինակություն» ունեցող երկիր: Հարցին, թե արդյոք Ադրբեջանի մարդու իրավունքների հետ կապված վիճակը խնդիր չի՞ առաջացնում, Formula 1-ի գլխավոր տնօրեն Բերնի Էքլսթոնը պատասխանել է. «Այնտեղ կարծես որևէ լուրջ խնդիր չկա»:

«Էքլսթոնի Formula 1-ի «հաջողությունը» կախված է լրատվամիջոցներից, մինչդեռ Ադրբեջանի անկախ լրատվամիջոցները ճնշումների են ենթարկվում սահմանափակող օրենքների, ոստիկանական խուզարկումների, հետաքննությունների միջոցով և զրպարտությունների մեղադրանքներով:

Մինչ Formula 1-ը պատրաստվում է հունիսի իր մեծ մրցարշավին, այս փայլուն պատմության և կեղծ հանրային կապերի դեմ դուրս գալու փորձ արածներից շատերը նստած են բանտում՝ խաղաղ քննադատության «հանցագործության» համար», - գրում է իրավապաշտպանը:

Formula 1-ը ստանձնել է մարդու իրավունքները հարգելու պարտավորությունը, գրում է հեղինակը: Էքլսթոնը պետք է խնդրի հանդիպել Խադիջա Իսմայիլովայի և այլ հայտնի ակտիվիստների հետ, ովքեր դեռ մնում են բանտում: Նշում է, որ Formula 1-ը մինչ այժմ լուռ է եղել երկրի մարդու իրավունքների հետ կապված ճգնաժամի հարցում։ Բայց դեռ կա ժամանակ և հրատապ անհրաժեշտություն, որ Formula 1-ի ղեկավարներն իրենց ձայնն օգտագործեն լավ նպատակների համար, գրում է հեղինակը։

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մայիսի 27-ին նշել է, որ Ադրբեջանում միջազգային միջոցառումների կազմակերպումը խայտառակություն է: Նա նշել է, որ այսպիսի քաղաքականությամբ միջազգային հանրությունը և մի շարք քաղաքակիրթ պետություններ փաստորեն թև են տալիս ագրեսորին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---