Օբամա. Կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ

Օբամա. Կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը կշարունակի Ադրբեջանի հետ աշխատել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա 98-ամյակի և Ադրբեջանի անկախության առաջիկա 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը և նրա հարևանները ապրեն խաղաղ ու կայուն պայմաններում»,-ասվում է ուղերձում:

Ուղերձում նշվում է նաև, որ Ադրբեջանը «մեծ հաջողությունների է հասել էներգետիկ ոլորտում` սատարելով Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացմանն ու անվտանգութնանը»:

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ համագործակցությունը անվտանգության ոլորտում` ներառյալ ահաբեկչության դեմ պայքարում գործադրվող ջանքերը»,- ասել է Օբաման:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---