Նախագահը զոհված զինվորների ընտանիքներին է հանձնել հետմահու պարգևները

Նախագահը զոհված զինվորների ընտանիքներին է հանձնել հետմահու պարգևները

PanARMENIAN.Net - Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին 2016-ի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները:

«Որպես կանոն նման դեպքերում ես իմ խոսքը սկսում եմ «Սիրելի՛ պարգևատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է: Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանք պարգևատրվում են հետմահու: Պիտի խոստովանեմ, որ հոգեբանորեն սա ամենածանր պարտականություններից է, որ ես պարբերաբար կատարում եմ:

Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն»:

Նախագահի խոսքով, նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: «Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջը: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ»:

«Այդ պատճառով էլ թույլ տվեք, այնուամենայնիվ դիմել նրանց և ասել.

Մեզ համար դուք նույն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներն եք: Հարյուր տարի հետո էլ երախտապարտ սերունդները ձեզ հիշելու են, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:

Ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդ: Դա գիտակցում է և չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ: Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաև մեծ հպարտություն և պատգամ: Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով», - ասել է նախագահը:

Արարողության կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է բերել ներկաներին և աղոթք հնչեցրել:

Միջոցառման ավարտին Հանրապետության նախագահը խնդրանքով դիմել է արարողության մասնակիցներին:

«Այս դահլիճում ներկա երիտասարդ զինվորականները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ են: Ես հատուկ խնդրել եմ նրանց, որպեսզի գան այս դահլիճ ոչ միայն նրա համար, որ մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան ձեզ հետ, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել ձեր կողքին, ձեր ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ձեր ընտանիքների և հայկական բանակի միջև:

Խնդրում եմ՝ այս արարողությունից անմիջապես հետո փորձեք օգտվել այս հնարավորությունից: Ինչ-որ տեղ ես նաև հույս եմ փայփայում, որ նրանք կարող են որոշ չափով ձեզ սփոփել: Շնորհակալ եմ»,-ասել է Սարգսյանը:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---