Արարատի մարզպետ. Ազատ գետի ջուրը կարող էր Արարատյան դաշտ գնալ՝ Նախիջևանի փոխարեն

Արարատի մարզպետ. Ազատ գետի ջուրը կարող էր Արարատյան դաշտ գնալ՝ Նախիջևանի փոխարեն

PanARMENIAN.Net - Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը գոհ չէ Գառնիի Ազատ գետից Արարատի մարզի Քաղցրաշեն և ևս 12 գյուղ ինքնահոս կերպով ջուր տանելու ծրագրի չեղարկումից:

Գառնի գյուղի բնակիչները մայիսի 20-21-ի փակ են պահել Երևան-Գառնի ճանապարհը: Գառնեցիները պայքարում էին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ: Նրանք պահանջել են Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները:Մայիսի 21-ին բնակիչներին մոտեցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ լսելով նրանց պահանջները։«Չեմ կարծում, որ լինի մի վարչապետ, որը ցանկանա, որ գառնեցու ջուրը կտրվի, գառնեցին վատ ապրի։ Ես ինքս հետ կքաշվեմ այդ ծրագրից, եթե իմանամ, որ այն բացասական հետևանք ունի։ Եթե ամբողջ Գառնիի ժողովուրդը, բոլորը կուզեն, որ ծրագիրը չանենք, հարց չկա՝ չենք անի, վաղը հարցում ենք անցկացնելու՝ դա պարզելու համար»։

Վարչապետը նաև ցուցարարներին ասել է, որ Ազատ գետի կիրճում շինաշխատանքները կասեցվում են:

«Իհարկե կուզենայի, որ ծրագիրն իրականացվեր։ Այս պահին Ազատի ջրամբարում օրվա տարբեր ժամերին 15-ից 25 հազար խորանարդ մետր ջուր Ազատ գետով այսօր գնում է Նախիջևան: Ջրամբարում 70 մլն խմ/մ ջուր կա, որի օգտակար ծավալը 60 մլն խմ/մետր է։ Կուզենայի որ լիներ, նախ հուսալի մատակարարում կապահովեր և ամենակարևորը՝ էլեկտրաէներգիայի մեծ խնայողություն կունենայինք»,- ասել է մարզպետը, գրում է Tert.am-ը:

Ծրագրի իրականացման դեպքում, ըստ նրա, տարեկան շուրջ 460 մլն դրամ տնտեսելու էին:

«Բայց ինչ կարող եմ ասել, եթե ժողովուրդն այդպես է ուզում, ժողովրդին, բնական է, պետք է լսեն»,-ասել է մարզպետը:

Դիտարկմանը, թե հիմնավոր չէ՞գառնեցիների պնդումը, թե անհրաժեշտ է ջրամբար կառուցել, մարզպետը պատասխանել է, թե ջրամբար կառուցելն այդքան էլ հեշտ գործ չէ:

«Եթե կան կոմունիկացիաներ, թող կառուցվեն, վերակառուցվեն՝ խնդիրները կարգավորելու համար: Ես ամբողջ հանգույցի համար չեմ կարող ասել, ինձ հարցնում եք արդյունավետությունը, ես արդյունավետությունն եմ ներկայացնում»,-ասել է նա:

Աբրահամյանը նշել է, որ եթե ջուրն ինքնահոս լիներ, անխափան դաշտերը կոռոգվեին՝ առանց էլեկտրաէներգիայի ծախսի, որի արդյունքում էլ գյուղմթերքների ինքնարժեքը ցածր կլիներ:

Դիտարկմանը, թե արդարացի կլինի՞, որ դրա փոխարեն գառնեցիների հողերը չորանան, մարզպետը պատասխանել է. «Ես կուզենամ, իհարկե, ամբողջ հանրապետությունով մեկ խնդիրները լուծվեն»։

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը համաձայնվել է Արարատի մարզպետի դիտարկմանը, թե Ադրբեջան է ուղարկվում Ազատ գետի ջուրը:

«Ընդհանուր առմամբ ջուրն ավելցուկ ունի, և այդ ավելացված ջուրը պետք է ուղղորդվեր Արարատյան դաշտ, սա է խնդիրը: Մնացած դեպքերում, դուք ինքներդ էլ գիտեք, գարնան վարարումների ժամանակ մեծ քանակությամբ ջուր կորչում, գնում է»,-ասել է նա:

Ըստ նախարարի՝ խնդիրն այն էր, որպեսզի ծրագրով կարողանային ավելացված ջուրը ուղղորդել նպատակին: Հարցին, թե գառնեցիները առաջարկում են կառուցել ջրամբար և ավելցուկ ջուրը հավաքել և ուղղել արարատցիներին, նախարարը պատասխանել է, թե դրանք սիրողական բնույթի խոսակցություններ են:

Կարդացեք նաև՝ Ազատ գետից ջուր վերցնելու ծրագրին այլընտրանք գտնելու հանձնարարական կա

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---