Դպրոցներում հարստացված ալյուրից սնունդ չի բաժանվի մինչև ԱԺ-ում օրենքի ընդունումը

Դպրոցներում հարստացված ալյուրից սնունդ չի բաժանվի մինչև ԱԺ-ում օրենքի ընդունումը

PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում հարստացված ալյուրից պատրաստված սնունդ բաժանելու ծրագիրը կասեցվել է:

Այդ մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Քաղաքացիների դիմումով՝ Հանրապետության որոշ մարզերի դպրոցներում առանց ծնողների գիտության և համաձայնության հարստացված ալյուրից պատրաստված հացամթերքով երեխաներին կերակրելու խնդրի վերաբերյալ դիմել էի վարչապետին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռք առնել քիմիկատներով ֆորտիֆիկացված ալյուրից սնունդը դպրոցներում արգելելու ուղղությամբ: Այսօր ստացել եմ կրթության և գիտության նախարարի պատասխանն առ այն, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներկրված ալյուրի պաշարների սպառումից հետո հարստացված ալյուրի ներկրումը կասեցվել է և դպրոցներին հարստացված ալյուր չի մատակարարվում: Նույն կազմակերպությունից այժմ ստացվում է ալյուր՝ առանց հավելանյութերի, քանի որ հասարակության դիմադրության շնորհիվ ցորենի ալյուրի հարստացման մասին օրենքի ընդունումը հետաձգվեց անորոշ ժամկետով», - գրել է նա:

Կցված պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ 2015 թվակլանի դեկտեմբերի 4-ին ԿԳ նախարարը դիմել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծխրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին ու առաջարկել ձեռնպահ մնալ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում հարստացված սնունդի ներմուծումից՝ մինչև ԱԺ համապատասխան օրենքի ընդունումը: Միշոն, իր հերթին հայտնել է, որ ներկրված ալյուրը սպառելուց հետո կազմակերպությունը ձեռնպահ կմնա հարստացված ալյուրի ներմուծումից: Ներկայումս ՊՀԾ կողմից ծրագրում ընդգրկված դպրոցներ հարստացված ալյուրից պարեն չի մատակարարվում:

Հայաստանի կառավարությունը 2014 թ. նոյեմբերին հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով կարգավորվում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարել էր, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը կարող է նպաստել հանրապետությունում սակավարյունության դեպքերի թվի 10–15 տոկոսանոց նվազմանը։

Առողջապահության տեղեկատվական–վերլուծական կենտրոնի տվյալներով` 2013թ.–ի վերջի դրությամբ հանրապետությունում մեծահասակ բնակչության շրջանում գրանցվել է սակավարյունության 7026 դեպք, 8148 դեպք` մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և 897 դեպք` 15–17 տարեկան դեռահասների շրջանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---