Հերթական պայթյունը Թուրքիայում. 4 զոհ, 19 վիրավոր

Հերթական պայթյունը Թուրքիայում. 4 զոհ, 19 վիրավոր

PanARMENIAN.Net - Առնվազն 4 մարդ է զոհվել Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում տեղի ունեցած պայթյունից: Եվս 19 մարդ վիրավորվել է, որոնցից 5-ը ոստիկանության աշխատակիցներ են: Ըստ գործակալությունների տվյալների, պայթուցիկը տեղադրված է եղել կոյուղու հորում և գործի է դրվել, երբ անցնում էր ոստիկանության մեքենան, հայտնում է BBC-ին:

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին ավիահարվածներից մի քանի ժամ անց:

Ինչպես հայտնել է Reuters-ն իր աղբյուրների վրա հղումով, քաղաքում նմանատիպ ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել, որի զոհերի թիվը հասնում է 6-ի, սակայն այլ աղբյուրները չեն հաստատում այս տեղեկությունը:

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական մեծաթիվ ուժեր, հատուկ գործողություն է սկսվել:

Մայիսի 30-ին պայթյուն էր որոտացել` Վանի Իպեկ յոլու շրջանում: Գործի էր դրվել հեռահար կառավարմամաբ պայթուցիկ սարք, որը տեղադրել էին Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները: Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության 2 աշխատակից, մեկը տուժել է: Շարքից դուրս է բերվել ոստիկանության տեխնիկան: Վիրավոր ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց: Շրջանում լայնածավալ ռազմական գործողություն է սկսվել օդուժի կիրառմամբ:

Մայիսի 26-ին առնվազն 3 մարդ է զոհվել և 9-ը վիրավորվել է Թուրքիայի Մարդին գավառի Միդյաթ շրջանում ժանդարմերիայի անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---