Ձերբակալվել են ՊՆ գեներալ և գնդապետեր

Ձերբակալվել են ՊՆ գեներալ և գնդապետեր

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ի ուշ երեկոյան ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետեր Մհեր Պապյանը և Արմեն Մարգարյանը: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, հայտնում է «Առավոտը»:

Նա հավելել է, որ երկու տարբեր քրեական գործի շրջանակներում են եղել ձերբակալությունները: Խոսքը գնում է մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 30-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Սակայն թերթը նշել էր նաև ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին, որին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ. նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել էր: Նա այժմ ձերբակալված չէ:

Ավելի վաղ՝ մայիսի 18-ին տարածվել էր հաղորդագրություն, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։

Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դ.Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Դ.Աբրահամյանին 13.05.2016թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով:

Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։ Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից 16.05.2016թ. որոշում է կայացվել՝ Դ.Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---