ԼՂ կամավորներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի՝ 5000 դրամ 1 օր ծառայության համար

ԼՂ կամավորներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի՝ 5000 դրամ 1 օր ծառայության համար

PanARMENIAN.Net - Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և հետագա ընթացքում հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրված ԼՂՀ բոլոր քաղաքացիները գտնվում են իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նախարարի խոսքով, փորձ է արվել անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերել, և նրանց ընտանիքներին պետական ու բարեգործական միջոցներով պարբերաբար տրամադրվել է պարենամթերք, ինչպես նաև մատուցած ծառայության դիմաց դրամական աջակցություն, որը շարունակական է լինելու:

«Իհարկե, այն, ինչ արվել է կամ դեռ նախատեսվում է կամավորականների կամ նրանց ընտանիքների համար կկրի շարունակական բնույթ, սակայն ավելորդ չեմ համարում նշել, որ քառօրյա պատերազմի պատճառով տարհանվել է Մարտակերտի շրջանի մեզ հայտնի բնակավայրերի բնակչության մի մասը, ովքեր ապահովել են կացարանով, ամենօրյա սննդով, լուծվել է նրանց կենցաղային բազմաթիվ խնդիրները: Դեռ չեմ խոսում հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման, գույքի փոխհատուցման ծախսերի և դրանց ծավալների մասին»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ կառավարությունը դրանից ոչ թե տրտնջում է, այլ ներկայացնում է այն չնախատեսված ծախսերը, որոնք կատարվել է ապրիլյան պատերազմի հետևանքով:

Խոսելով կամավորականներին տրվող ֆինանսկան աջակցության մասին՝ նախարարը նշել է, որ Պաշտպանության բանակի կողմից նրանց մի մասին արդեն տրվել է կանխավճար, իսկ կառավարության կողմից ինչպես արդեն հայտարարվել է, հավելյալ ֆինանսական նոր աջակցություն կտրամադրվի:

«Նախատեսվում է մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար վճարել 5000 դրամ՝ առանց եկամտային հարկի: Այսինքն մեր բոլոր այն հայրենակիցներն ովքեր արդեն ստացել են ապրիլ ամսվա դիմաց նշված կանխավճարը, հունիսի 6-ից «Արցախոստ» ՓԲԸ միջոցով նույն ամսվա համար կստանան նախատեսված գումարի և ստացված կանխավճարի տարբերությունը, իսկ ովքեր դեռ չեն ստացել իրենց հասանելիք գումարը, կստանան արդեն ամբողջական հաշվարկով»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ խոսքը վերաբերում է առաջին հերթին չաշխատող քաղաքացիներին, իսկ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին որոնց աշխատավարձը ցածր է 150.000 դրամից նույնպես կտրամադրվի ստացած գումարի տարբերությունը:

Որոշումը տարածվում է նաև մի շարք խոշոր տնտեսավարողների վրա, իսկ մասնավոր հատվածի փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատողներին, անկախ նրանից ձեռնարկատերը վճարել է կամավորական ծառայության մեջ գտնվող իր աշխատողին, թե ոչ, պետության կողմից նշված աջակցությունը տրվելու է ամբողջական չափով:

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ կամավորականների մարտական ծառայության ժամանակահատվածը հետագայում կներառվի աշխատանքային ստաժի մեջ, ինչը կհաստատվի հարկային մարմնի շտեմարաններից տրամադրվող տեղեկատվությամբ:

«Ցուցակներում կամավորականների ընդգրկված լինելու տեղեկությունները մեր կողմից համապատասխան մարմինների հետ ճշգրտվում են, և հավաստիացնում եմ, որ մինչև հունիսի 6-ը գործընթացը հիմնականում ավարտված կլինի: Ովքեր այդ ճշգրտումների արդյունքում չեն նույնականացվի, հունիսի 6-ից «Արցախփոստ»-ի բաժանմունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգրանցեն նրանց անձնագրային տվյալները և որոշակի անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո հաջորդ փուլում կտրամադրվեն նրանց գումարները»,- ասել է Ս. Ավանեսյանը և ավելացրել, որ ոչ ոք ուշադրությանից դուրս չի մնալու, իսկ որոշակի ուշացումների համար հայցում են կամավորականների ներողամտությունը և խնդրում ըմբռնումով մոտենալ հարցին:

Նախարարը հավելել է, որ զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար բոլոր հարցերի մասին տեղյակ կպահվի հասարակությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---