Սվիտալսկի. ՀՀ-ն պետք է ձերբազատվի «մինի մենաշնորհներով» երկրի պիտակից

Սվիտալսկի. ՀՀ-ն պետք է ձերբազատվի «մինի մենաշնորհներով» երկրի պիտակից

PanARMENIAN.Net - Ազատ մրցակցությունն է, որ պետք է նպաստի տնտեսության զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային և սահմանադրաիրավական վերլուծություն» թեմայով կոնֆերանսին ունեցած ելույթում, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարները տարբեր հայտարարություններում, զեկույցներում նշել են, որ շահագրգռված են Հայաստանում շարունակել տնտեսական բարեփոխումները, վերջերս վարչապետը հայտարարել է, որ շահագրգռված են հետամուտ լինել ստեղծելու մրցակցային բիզնես միջավայր:

«Այն քաղաքական ուղղությունները, որոնք նշվել են էկոնոմիկայի նախարարի կողմից, ուրվագծում են Հայաստանի տնտեսության զարգացման ճիշտ ուղիները»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ ներկայացուցիչներն իրենց համեստ ներդրումով, ամուր կամքով ուզում են աջակցել Հայաստանի կառավարությանն այս գործընթացներում:

Ըստ ԵՄ պաշտոնյայի, Հայաստանում լավ բիզնես միջավայր ստեղծելու համար ՏՄՊՊՀ մոդելը մեծ դեր ունի անելու: Պյոտր Սվիտալսկու խոսքով, որոշ ժամանակ առաջ ԵՄ-ն թվինինգ ծրագիր է իրականացրել, որի նպատակն էր ուսումնասիրել, խորհուրդներ, հանձնարարականներ տալ հանձնաժողովին աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Հանձնարարականներից մեկը, նրա խոսքով, այն է, որ հանձնաժողովը կարողանա առանց հայտարարելու, տեղյակ պահելու սկսել քննություն, ուսումնասիրություն:

«Մեր մոտեցումն այն է, որ ցանկացած երկրում տնտեսական մրցակցությունը պաշտպանող մարմինը պետք է լինի հզոր, ամուր իր որոշումների, գործունեության մեջ»,- ընդգծեց նա:

Պյոտր Սվիտալսկին խոսել է նաև օրենսդրական դաշտի մասին: «Հայաստանը շատ է տուժում, որովհետև նրա վրա փակցված է այն իմիջը, թե Հայաստանում կան մինի մենաշնորհներ: Այս պիտակը ճիշտ է, թե ոչ, չեմ կարող դատել, բայց վերջին տարիների ընթացքում Հայաստանը շատ մեծ առաջընթաց է ապրել ազատ մրցակցության ոլորտում և բարձրացրել իր վարկանիշը: Բայց այսօր այդ պիտակից ձերբազատվելու համար Հայաստանին անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր»,- ասել է նա:

Պյոտր Սվիտալսկու խոսքով, ձեռնարկով քայլերի շնորհիվ Հայաստանը կարող է առաջ ընթանալ, ազատ, գործնական միջավայր ստեղծել ոչ միայն հենց հայ գործարարների համար, այլ նաև ներգրավել օտարերյա ներդրումներ: Ըստ նրա, կառավարությունը պետք է լայն երկխոսություն ծավալի բիզնես համայնքի հետ:

«Որպես Եվրամիություն, մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած աջակցության այս գործընթացն ավելի արագացնելու համար»,- ասել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը:

ԵՄ պատվիրակության ղեկավարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԵՄ-ն 15 միլիոն եվրո ունի՝ օգնելու Հայաստանի կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար. «Բայց երբ որ ասում եմ՝ կա, հատկացված է, նկատի չունեմ բաշխված է, որովհետև մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ: Կան պայմաններ, մեզ պետք են կոնկրետ արդյունքներ, և եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»,-եզրափակել է Սվիտալսկին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---