The Washington Post-ը` ԼՂ խաղաղ կարգավորման ճանապարհին 2 խոչընդոտի մասին

The Washington Post-ը` ԼՂ խաղաղ կարգավորման ճանապարհին 2 խոչընդոտի մասին

PanARMENIAN.Net - Չնայած ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ գրանցվեց առնվազն 200 զոհ, երկու կողմերը խուսափեցին գործողությունների սրումից, ռազմական գործողությունների դադարեցումը, սակայն, փխրուն է, և հակամարտությունը կարող է հեշտությամբ կրկին վերսկսվել, ասվում է The Washington Post-ի հոդվածում, հայտնում է Tert.am-ը:

Նշվում է, որ երկու տասնամյակ տևած բանակցություններն այդպես էլ որևէ առաջընթացի չհանգեցրին, և քառօրյա պատերազմն է՛լ ավելի խաթարեց փոխզիջումային կարգավորման հույսերը:

Ադրբեջանական կողմից պատերազմը վստահություն ներշնչեց նրանց, ովքեր պնդում են Լեռնային Ղարաբաղն ուժով վերադարձնելու օրինականության հարցում, հայկական կողմում էլ այն ամրապնդեց վստահությունն այն հարցում, որ պետք չէ զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, նաև՝ որևէ որոշում ընդունել, որը չի երաշխավորում լիարժեք անկախությունը: Սրացումն ուժեղացրեց մտավախությունները և խորացրեց անվստահությունը: Երկու կողմերն էլ մտավախություն ունեն, որ մյուս կողմը կօգտվի կարգավորումից, ասվում է հոդվածում:

Հեղինակը գրում է, որ ամբողջովին պարզ չէ, թե որն էր ապրիլյան բախումների պատճառը, չնայած հավանական պատճառ կարող է լինել այն, որ Ադրբեջանը փորձ արեց ստուգել հայկական պաշտպանությունը և համոզել հայ բանակցողներին զիջումների գնալ բանակցային սեղանի շուրջ: Նշվում է, որ Ադրբեջանին խորապես դուր չի գալիս ստատուս քվոն: Նա նույնչափ հիասթափված է խաղաղ կարգավորման գործընթացից, որն ընթանում է տարիներ շարունակ՝ առանց որևէ արդյունքի:

Սրացումը նաև հաստատել է գոյություն ունեցող ռազմական փակուղին: Անգամ եթե սրացումն այս փակուղին ավելի թանկ կամ ռիսկային դարձրեց հայերի համար, դա դեռ բավարար չի լինի բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու համար, գրում է նա։

Հեղինակը երկու խոչընդոտ է տեսնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ճանապարհին.

1. Երկրների ներսում փոխզիջումները դժվարընդունելի են. Անգամ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ամեն ինչ անեն փոխզիջումային համաձայնության հասնելու համար, ոչ մեկը, ոչ մյուսը մեծ աջակցություն չի վայելի ինչպես իրենց կառավարությունների, այնպես էլ հանրության կողմից: Երկու կողմերում էլ հռետորաբանությունն ավելի ու ավելի կոշտ է եղել, և գրեթե բացառապես որևէ քննարկում չի եղել այլընտրանքային դիրքորոշումների կամ հաշտեցման տարբերակների մասին: Երկու կողմերն էլ օգտագործել են հակամարտությունը քարոզչական նպատակներով՝ մյուս կողմը որպես «թշնամի» պատկերելով, ինչը դժվար է դարձնում որևէ փոխզիջում:

2. Համատեղ գոյակցության ցանկության բացակայությունը. Առաջարկվող լուծումը երկրորդ խոչընդոտն է: 2005 թվականից ի վեր բանակցությունների հիմքում գտնվող սկզբունքները հետաձգում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը: Միևնույն ժամանակ, հայկական ուժերը պետք է դուրս գան Ղարաբաղի հարակից շրջաններից, փախստականները և տեղահանվածները վերադառնան, իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջազգային մակարդակով երաշխավորած միջանկյալ կարգավիճակ: Այս ամենի համար չկա որևէ համաձայնեցված ժամկետ: Իրավաբանորեն պարտավորեցնող «կամարտահայտումն» այնուհետև կորոշի վերջնական կարգավիճակը:

Նշվում է, որ հայկական կողմը դա մեկնաբանում է որպես անկախության հանրաքվե, բայց Ադրբեջանը դա բացառում է և պնդում է, որ ամբողջական անկախությունը չի կարող ընդունելի տարբերակ լինել: Երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ համաձայնագրի բոլոր բաղադրիչները սեղանին էին, նա հենց դա նկատի ուներ: Բայց երկու կողմերը չեն համաձայնում բաղադրիչների մեկնաբանության շուրջ, մասնավորապես՝ «կամարտահայտության» կամ դրա ժամկետների վերաբերյալ:

Այս մոտեցումը որոշակի հաջողությամբ փորձել են մի շարք երկրներում, ներառյալ՝ Սուդանում, Պապուա Նոր Գվիենայի Բուգենվիլում և Սերբիայում ու Մոնտենեգրոյում, բայց մեկ կարևոր պայմանով՝ անջատողական տարածքներում տարաձայնությունները նշանակում են, որ անկախության հանրաքվեի արդյունքը կանխորոշված չէ: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականությունը կարող է ենթադրաբար գրավիչ տարբերակ լինել ընտրողների համար:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում այդ դեպքը չէ: Երբ հարցը վերաբերում է անկախությանը, գրեթե բոլորը միաձայն կողմ են դրան: Ոչ մի քաղաքական ուժ հարցականի տակ չի դնում անկախության անհրաժեշտությունը, և հարցումները ցույց են տալիս, որ մեծամասնությունը մերժում է Ադրբեջանի հետ ցանկացած ասոցացում։ Ադրբեջանի իշխանությունը, չնայած վերաինտեգրման իր հաստատակամությանը, ոչ մի ջանք չի թափել Ղարաբաղի հայերի հետ կապ հաստատելու և նրանց վստահությունը ստանալու համար:

Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղում քվեարկությունը կլինի ամբողջապես կանխատեսելի, և միջանկյալ շրջանը քիչ բանի կհասնի: Մի տարբերակն այն է, որ պահանջվի հանրաքվեում բացարձակ մեծամասնություն, ասվում է հոդվածում:

Նշվում է, որ քառօրյա պատերազմը և վայրագություններն է՛լ ավելի են խորացրել խնդիրը: Հեղինակը նշում է, որ փակուղուց հնարավոր ելքը կարող է լինել ավելի անորոշ համաձայնագիրը, որը հետաձգում է վերջնական կարգավիճակը՝ առանց անկախության հանրաքվեի խոստումի, ինչպես չեչենական և իսրայելա-պաղեստինյան հակամարտություններում: Նա նշում է, սակայն, որ դա լավագույն մոդելը չէ կիրառման համար, և նման անորոշ համաձայնագիրը դժվար թե ընդունվի հայկական կողմի կողմից:

Ղարաբաղի առաջնորդներն ավելի ուժեղ դիրք ունեն, քան Չեչնիայի և Պաղեստինի առաջնորդները և հազիվ թե իրենց դե ֆակտո անկախությունը փոխեն նման ռիսկայի կարգավորման հետ: Նրանք համոզված են, որ Ադրբեջանը կօգտագործի միջանկյալ ժամանակահատվածը՝ շրջանն ուժով հետ վերցնելու համար: Վերջին բախումներից հետո այդ մտավախություններն է՛լ ավելի դժվար է ցրել, ասվում է հոդվածում:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---