Վարչապետ. Շաքարավազի, դեղորայքի, բենզինի շուկաներն ընկալվում են որպես մենաշնորհ

Վարչապետ. Շաքարավազի, դեղորայքի, բենզինի շուկաներն ընկալվում են որպես մենաշնորհ

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է՝ իր մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել են, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը», - ասել է վարչապետը:

Նա հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցեր՝ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ:

«Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն», - ասաց Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետը հանձնարարել էր Էկոնոմիկայի նախարարությանը և առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին քննարկել երկրում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և ներկայացնել առաջարկներ:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ զեկույց են պատրաստում, որը շուտով պատրաստ կլինի։ «Մենք առանձնացրեցինք տասը հիմնական ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում, լրագրողների շրջանում ամենապահանջվածն են, և որոնք ըստ էության նաև մենաշնորհային ոլորտներ են դիտարկվում հանրության և մասնագիտական շրջանակների կողմից», - ասել էր նախարարը:

Ընթերցեք նաև. Գործադիրը չի հասցնի ավարտել մենաշնորհների վերաբերյալ ուսումնասիրությունը հանձնարարված ժամկետում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---