Արամ Ա-ն Մերկելին հիշեցրել է Սիսի կաթողիկոսարանի ճակատագրի մասին

Արամ Ա-ն Մերկելին հիշեցրել է Սիսի կաթողիկոսարանի ճակատագրի մասին

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից անմիջապես հետո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` ողջունելով պատմական նշանակություն ունեցող Գերմանիայի քաջ քայլը, այն բնութագրելով որպես «պերճախոս վկայություն Գերմանիայի հանձնառության մարդու իրավունքների պաշտպանության գործում և ինչպես աշխարհին ուղղված պատգամ, որը հիշեցնում է անցյալին պատասխանատու կերպով մոտենալու կարևորությունը», հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքը:

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը` Բունդեսթագը, ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:

Վեհափառ հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ևս զոհն է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության: Կաթողիկոսը հիշեցրել է, թե ինչպես թուրքական իշխանությունները Սահակ Բ. կաթողիկոսին միաբանության հետ միասին պարտադրեցին հեռանալ Սիսի ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող Հայ եկեղեցու կաթողիկոսարանից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Արամ Ա-ն կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում:

Անդրադառնալով Գերմանիայի եկեղեցիների դերակատարությանը` Արամ Առաջինը հայտնել է, որ «որպես Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ատենապետ, Գերմանիայի եկեղեցիների հետ իր ունեցած միջեկեղեցական հարաբերություններում նա ականատեսն է եղել արդարության նկատմամբ նրանց հանձնառության և անպատժելիության դեմ պայքարին»:

2016-ի մարտին Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը, որը 2015-ի ապրիլին Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան, հայցի քննության պահանջով նոր դիմում է ներկայացրել: Դիմումով թուրքական բարձրագույն դատարանին խնդրում են Կիլիկիո կաթողիկոսության հայցը դիտարկել առաջնահերթությունների շարքում, քանի որ 10 ամիս առաջ ներկայացված հայցը դեռևս քննության չի առնվել:

Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---