Գողթեցիները փակել են ճանապարհը. Ոռոգման ջուրն այլ գյուղերին տալուն դեմ են

Գողթեցիները փակել են ճանապարհը.  Ոռոգման ջուրն այլ գյուղերին տալուն դեմ են

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները փակել են Երևան-Գողթ ճանապարհը` մտավախություն ունենալով, որ խոստացված ջուրը` չեն ստանա Գեղարդալճից:

Գողթ գյուղի հողերը ոռոգվում են Գեղարդալճից, որից կառավարությունը Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրով պատրաստվում է ջուր տալ այլ գյուղերի։ Այն դեպքում, երբ գողթեցիների խոսքով՝ առանց այն էլ լճի ջուրն իրենց ոռոգման սեզոնին մի կերպ է բավականացնում։

Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանն ասել է. «Մեր խնդիրն այլ է, որովհետև մենք ջրի վերցնելու խնդիր ունենք, պայմանավորվածություն ունենք, արդեն կարողանում ենք վերցնել, դրա համար հիմա ժողովրդին հանգստացնում եմ, որ պետք չի անհանգստանալ: Ժողովուրդն էլ վրդովվում ա, ասում ա` չեն վստահում, բայց ես պայմանավորվել եմ, որ նախագծերը վերջացնեն՝ կլինի», մեջբերում է Tert.am-ը:

Մոտ մեկ ամիս առաջ, գողթեցիները նորից բողոքի ակցիա էին արել, ու գյուղացիները մանրամասնել էին իրենց մտավախության պատճառը: Ըստ այդմ՝ լճի պատվարը պետք է բարձրացնեն, որ ջրի ծավալն ավելանա, նոր ջուր տանեն։ Գեղարդալճի տարողությունն, ընդհանուր առմամբ, 2.4 միլիոն խորանարդ մետր ջուր է, ուզում են ավելացնել ևս 1 միլիոն, բայց գյուղացիները կասկածում են, որ չեն կարողանա այդքան ծավալի ջուր ավելացնել:

Գյուղապետն այս առնչությամբ ասել է, որ նախագծեր են մշակվում ու ավելացրել. «Գեղարդալճի պատվարը բարձրացվում է, նոր ջրամբար է կառուցվում, հիմա լուծում է մեր ջրի խնդիրը: Դրա համար եմ դեմ, որ գյուղացիները փակել են»:

Գողթեցիները նաև բարձրաձայնում էին, որ կողքի տարածքներում հողամասեր ունի նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

Գառնի գյուղի բնակիչները մայիսի 20-21-ի փակ են պահել Երևան-Գառնի ճանապարհը: Նրանց միացել են նաև հարևան Գողթ համայնքի բնակիչները: Գառնեցիները պայքարում էին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ, գողթեցիները՝ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի: Նրանք պահանջել են Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները:Ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղ, որտեղ, ըստ գառնեցիների, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ պաշտոնյաներին պատկանող այգիներն են:

Բողոքի ակցիաներից հետո վարչապետի որոշմամբ Ազատ գետի կիրճում շինաշխատանքները կասեցվել են:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---