3 հունիսի 2016 - 18:02 AMT
ԱԺ-ում ԵՏՄ-ից դուրս գալու շուրջ քննարկումը հետաձգվել է 1 տարով

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը քվեարկության է դրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» հայտարարության նախագծի քննարկումները մինչև մեկ տարի հետաձգելու առաջարկը: Կողմ են քվեարկել բոլոր պատգամավորները՝ բացի Թևան Պողոսյանից, ով ձեռնպահ քվեարկեց:

Քվեարկությունից առաջ ԵՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարության նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ ինքը երբեք չի ցանկանա, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը դադարեցնելու նախագծին դեմ քվեարկեն: Նա հայտարարել է, որ օգտվում է իր իրավունքից ևմինչև մեկ տարի հետաձգում է նախագծի քննարկումները:

Խաչատուր Քոքոբելյանը ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծ է ներկայացրել ԱԺ մայիսի 14-ին: Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարի ձևակերպմամբ՝ միությունում Հայաստանն անելիք չունի․. «Հայաստանը, դուրս գալով Եվրասիական տնտեսական միությունից, հնարավորություն կստանա այլընտրանքների, հնարավորություն կստանա եվրոպական այդ մեծ համայնքին ավելի արագ ինտեգրվելու, և այն պրոբլեմները, որ այսօր ունենք մենք Հայաստանում՝ թե՛ կապված զենքի հետ, թե՛ կապված տնտեսության զարգացման հետ, թե՛ ուղղակի օտարերկրյա ներդրումների հետ, հնարավորություն կստանանք այլընտրանք ստեղծելու, այդ թվում նաև՝ անվտանգության համակարգերի»: