Գերմանիայում բուժվող զինվորը սկսել է նորմալ սնվել և խոսել

Գերմանիայում բուժվող զինվորը սկսել է նորմալ սնվել և խոսել

PanARMENIAN.Net - Գերմանական Համբուրգի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունքում բուժում ստացող հայ զինծառայող Արման Լազգիյանը արդեն նորմալ սնվում է և խոսում: Այդ մասին տեղեկացրել է Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանը:

Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին մեկնել է Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու:

«Սկսել է նորմալ սնվել, աղիքները լավ գործում են, սկսել է խոսել, ստամոքսի, աղիքի, թոքերի բոլոր խողովակները հեռացրել են: Թոքերում առաջ ջուր էր հավաքվում, հիմա այդ խնդիրն էլ չկա, ամեն ինչ նորմալ է», - Համբուրգից պատմել է հայրը, մեջբերում է Panorma.am-ը:

Նրա փոխանցմամբ՝ որդուն մագնիսառեզոնանսային հետազոտության են ենթարկել և սպասում են պրոֆեսորների եզրակացությանը:

«Միաժամանակ զբաղվում են վերականգնողական կլինիկայի ընտրությամբ՝ տեսնեն՝ որն է ավելի ճիշտ հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու համար», -ասել է հայրը՝ չբացառելով տեղափոխումը այլ կլինիկա:

Նրա խոսքով, այդուհանդերձ, վիրահատությունից խուսափել չի ստացվում և հնարավոր է հաջորդ շաբաթ փոքրիկ վիրահատություն անեն. պառկելախոցի խնդիր է առաջացել:

«Առողջապահության նախարարությունը պարտավորվեց բոլոր ծախսերը իր վրա վերցնել, եթե Արմանը մնա ու այստեղ շարունակի բուժում ստանալ: Բայց քանի որ երեխան պետք է ստանար հատկապես վերականգնողական բուժում, մենք որոշեցինք, որ ավելի լավ է տեղափոխենք արտասահման», -հայտնել էր զինվորի հայրը:

Նա տեղեկացրել է, որ Արմանին տեղափոխելու համար իրենց ընտանիքին անմիջական աջակցություն են ցուցաբերել վարչապետը, պաշտպանության և առողջապահության նախարարները, առանձին պատգամավորներ ու բարերարներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---