Ձերբակալված գեներալն ու գնդապետերը 145 մլն դրամի ուռճացված գործարք են կատարել

Ձերբակալված գեներալն ու գնդապետերը 145 մլն դրամի ուռճացված գործարք են կատարել

PanARMENIAN.Net - Պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի, գնդապետեր Արմեն Մարգարյանի և Մհեր Պապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախնական քննության տվյալներով, նշված անձանց կողմից ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայականից բարձր գներով, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։

Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։

Երկրորդ քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ գնդապետը, ի պաշտոնե պատասխանատու լինելով գնման ենթակա ապրանքների, ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունը կազմակերպելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով, բարենպաստ պայմաններ է ստեղծել՝ մի շարք ապրանքների ձեռք բերման մրցույթում կոնկրետ ընկերության հաղթելու հավանականության համար։ Արդյունքում՝ իր ազգականի կողմից ղեկավարվող ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր՝ շուկայականից շատ ավելի բարձր գներով 29 անվանում ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ։

Մայիսի 30-ի ուշ երեկոյան ձերբակալվել էին գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետեր Մհեր Պապյանը և Արմեն Մարգարյանը: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Կարդացեք նաև. Փոխգնդապետը $12.000 էր պահանջել առողջական խնդիրներով զորակոչիկի տարկետման համար

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---