Ռոուհանի. Հայաստանի հետ տնտեսական կապերը զարգացնելու հնարավորություն կա

Ռոուհանի. Հայաստանի հետ տնտեսական կապերը զարգացնելու հնարավորություն կա

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ռոուհանին նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորել դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հասան Ռոուհանին նշել է, որ, թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ժողովուրդների և գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Նալբանդյանը նաև ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում Ռոուհանին ընդգծել է, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը` առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատել, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հագուցալուծումը։ Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Նալբանդյանը Ռոուհանիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և ջերմ ողջույնները: Ռոուհանին ևս խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել ՀՀ նախագահին և նշել, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---