Ղարաբաղում ընդդիմադիր պատգամավոր է բռնության ենթարկվել

Ղարաբաղում ընդդիմադիր  պատգամավոր է բռնության ենթարկվել

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Այս մասին փոխանցել է կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը։

Խանումյանի հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ, Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ և նրան ծեծելով նստեցրել մեքենան, հաղորդում է «Ազատություն»-ը:

Այդ տարածքը վերահսկվում է Ազգային ժողովի և հարակից հյուրանոցի տեսախցիկներով։

Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։

Խանումյանը գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Հիվանդանոց է եկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Վիտալի Բալասանյանը։

ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից կապիտան Աբրահամյանը տեղեկացրել է, որ Խանումյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում են ստացել, գրում է Panorama.am-ը:

«Հենց նոր հաղորդում ենք ստացել Հայկ Խանումյանին ծեծելու վերաբերյալ, պետին զեկուցել ենք, համապատասխան ծառայողները մեկնում են հիվանդանոց՝ հանգամանքները ճշտելու համար», - փոխանցել է ոստիկանության ծառայողը:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից Ֆելիքս Հարությունյանը հայտնել է, որ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Նման բան չկա, ասեկոսեներին մի հավատացեք», - ասել է Հարությունյանը:

Հայկ Խանումյանը քաղաքական և հասարակական գործիչ է Արցախի Հանրապետությունում, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ 2013թ. փետրվարից։ 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---