Արմեն Գևորգյանն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել

Արմեն Գևորգյանն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին, շնորհավորել և հաջողություններ մաղթել նրան:

«Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում: Բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որևէ կարևոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետև այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ սա իր համար պետական համակարգում դրսևորվելու կրկնակի փորձ է: «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,-ասել է նա:

Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը թափուր էր ավելի քան 2 տարի՝ 2014 թ. ապրիլին Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո:

Արմեն Անդրանիկի Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երևան քաղաքում: 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։ 1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ: Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։

1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։

2007թ. հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

2008թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:

Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ: Ղեկավարել է Հայաստանի և Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի որոշ երկրների միջև առևտրատնտեսական և միջպետական հարաբերությունների զարգացման տարբեր կառույցներ:

2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը: 2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների պարգևներով:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։ Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---