Հայ-չինական գործակցության փաստաթղթեր են ստորագրվել. Պատրաստ են խոշոր ծրագրեր իրականացնել

Հայ-չինական գործակցության փաստաթղթեր են ստորագրվել. Պատրաստ են խոշոր ծրագրեր իրականացնել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ հունիսի 6-ին Կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական գոործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:

Մասնավորապես, ստորագրվել է «ՀՀՀ և Չինաստանի կառավարության միջև տեխնիկատնտեսական գործակցության մասին» համաձայնագիր, որով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 մլն չինական յուանի չափով` ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար:

Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:

Հայ-չինական գործակցության խորացմանը վերաբերող մյուս փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասին» հուշագիրն է, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետն ընդունել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը:

Աբրահամյանը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը վերջին տարիներին մեծ հաջողությունների են հասել տնտեսական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ զգալիորեն ավելացել է երկկողմ առևտրաշրջանառությունը՝ հասնելով գրեթե կես միլիարդ դոլարի:

«Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշոր ներդրումների իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ողջունում և խրախուսում է չինական պետական և մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար և պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր և հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Նա հավելել է, որ չինական ընկերությունները հաջողությամբ մասնակցել են և հաղթել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև մի քանի էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներն իրականացնելու մրցույթներում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարության և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջև մայիսի 25-ին ստորագրվել է կապալային պայմանագիր` $59.955.938 ընդհանուր արժեքով: Պայմանագիրը վերաբերում է«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող «Տրանշ 3-ի» Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի մոտ 18,7 կմ ճանապարհի կառուցմանը:

Չինաստանի փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և նշել, որ այս ուղղությամբ ձեռքբերումներն ամենևին էլ առավելագույն սահմանը չեն. առկա է մեծ ներուժ տնտեսական կապերում հետագա հաջողություններ արձանագրելու համար:

Գաոլին ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաև ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Միաժամանակ, նա նշել է, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում և ավելացրել, որ Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն: Չինաստանի փոխվարչապետը կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացումը, այդ թվում՝ Աբովյանի և Գյումրիի համագործակցությունը չինական խոշոր քաղաքների հետ:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետը ՀՀ-ում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---