ԼՂ ծեծված պատգամավորը հայտարարում է՝ իրեն ստիպել են «մեղայական» գրել

ԼՂ ծեծված պատգամավորը հայտարարում է՝ իրեն ստիպել են «մեղայական» գրել

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին բռնության ենթարկված Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարարել է, որ ծեծից հետո նրանից մեղայական խոստովանություններով թուղթ են պահանջել ստորագրել:

«Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը (հավանաբար, ի նկատի ունի հունիսի 5-ին նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի՝ Ստեփանակերտ ժամանմանը հետևած Բաբայանի կուսակիցների երթն ու նրան կրկին ՊԲ հրամանատար նշանակելու պահանջը – խմբ.) սխալ են եղել», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

«Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ», - հայտարարել է պատգամավորը:

Իրենց հերթին, Լեռնային Ղարաբաղի ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Շարժում - 88» խմբակցությունները հայտարարություն են տարածել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին: «Դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», - ասվում է հայտարարությունում:

ԼՂՀ ԱԺ 5-րդ խմբակցության՝ «Վերածնունդի» ներկայացուցիչն ԱԺ-ում Հայկ Խանումյանն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---