Բան Կի Մուն. ՀՀ-ն օրինակելի է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրածների շարքում

Բան Կի Մուն. ՀՀ-ն օրինակելի է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրածների շարքում

PanARMENIAN.Net - Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպում ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասնակցությամբ:

Վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահության նախարարներին: Վավերացման գործընթացը իրականացվել է ԱՀԿ-ի, ՄԱՁԻԱՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի համատեղ ջանքերով:

«Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած 15 տարվա ընթացքում երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի դեպքերը նվազել են 56%-ով. 4 երկիր՝ Կուբան, Թայլանդը, Հայաստանը և Բելառուսն ամբողջությամբ վերացրել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը: Ես հուսով եմ, որ, հետևելով այս երկրների օրինակին, շուտով մենք ամբողջ աշխարհում կհասնենք երեխաների շրջանում «զրո» նոր դեպքերի նպատակին»,-իր ելույթում նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլխավոր տնօրեն Միշել Սիդիբեն շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին, որոնց շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելու և ՄԻԱՎ-ից զերծ սերունդ ունենալու հեռահար նպատակը դարձել է իրողություն: Ըստ Մ.Սիդիբեի այս ոլորտում հաջողություններ արձանագրած Հայաստանի, Բելառուսի և Թայլանդի փորձը լավագույնն է, որին պետք է հետևեն այլ երկրներ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր ելույթում նշել է, որ պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` միանալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրին և դրան հաջորդած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ քաղաքական հռչակագրերին` հիմնովին փոխել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կոնցեպտուալ մոտեցումները:

«Երկիրն ուժեղացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իր քաղաքական պարտավորությունները՝ ընդունելով պետական ոլորտի և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունը հանրապետության բնակչության ապագայի և բարեկեցության նկատմամբ: Ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ, որն ապահովում է հիվանդությունների վաղաժամ ախտորոշում, բոլոր կարիք ունեցողներին որակյալ բուժօգնության, առավել արդյունավետ բուժման և բժշկական այլ ծառայությունների տրամադրում: Պետք է ընդգծեմ, որ հաջողություններին հասնելու գործում զգալի դերակատարություն ունեն դոնորները և միջազգային կազմակերպությունները»,- շեշտել է Արմեն Մուրադյանը:

Իր ելույթում նա բարձր ամբիոնից ևս մեկ անգամ անդրադարձել է Արցախի թեմային:

«Այսօր մեջբերելով Նելսոն Մանդելային` հնչեց հարցադրում. ինչն է ավելի վատ` պատերա՞զմը, թե՞ ՁԻԱՀ-ը: Իսկապես որտե՞ղ է արդարությունը, երբ անմեղ երեխան ծնվում է իմունային անբավարարությամբ, որտե՞ղ է արդարությունը, երբ ռմբակոծում են երեխաներին, որոնք ցանկանում են ապրել և սովորել իրենց հայրենիքում, սովորել իրենց լեզուն, հավատալ իրենց Աստծոն, հարգել իրենց ծնողների և նախնիների ավանդույթները: Որտե՞ղ է արդարությունը, երբ սպանում են 90 տարեկան ծերունիների, ովքեն ցանկացել են իրենց ծերությունն ապրել հայրենիքում, իրենց տանը: Ես խոսում եմ երկու ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ո՞րն է ավելի վատ` ՁԻԱ՞Հ-ը, թե՞ անմարդկայնության, ատելության վարակը, որը հաղթում է անգամ ամենաբարձր պաշտոնին գտնվողին, մթագնում նրա բանականությունը, քաղաքակիրթ մարդուն վերափոխում բարբարոսի, ով դաժան հրահանգներ է տալիս սպանել երեխաների և ծերերի: Դժվար է պատասխանել հռետորական այս հարցին»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարը:

Նա նշել է, որ հետագա սերունդները կարող են չիմանալ, թե ինչ է պատերազմը և ինչ է ՁԻԱՀ-ը, այն դեպքում եթե բոլորս միանշանակ կարողանանք տալ այս հարցի պատասխանը:

«Վստահ եմ, որ հետագա սերունդները պետք է համեմատեն, ոչ թե ինչն է վատ, այլ ինչն է լավ. խաղաղությունը և բարգավաճումը»,- եզրափակել է Արմեն Մուրադյանը:

ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանն ուղղված քաղաքական նոր հռչակագիր, որը հաստատում է համաշխարհային հանրության հանձնառությունը հիվանդության կանխարգելման, բուժման, խնամքի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ` ընդգծելով համընդհանուր պատասխանատվություն:

2001-ից Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ն ու սիֆիլիսը վերացնելու նպատակով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---