Թոմաս դե Վաալ. Ցեղասպանության ճանաչումը դժվար թե լրջորեն ազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա

Թոմաս դե Վաալ.  Ցեղասպանության ճանաչումը դժվար թե լրջորեն ազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով նախորդ օրինակները՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժվար թե լուրջ ազդեցություն թողնի թուրք-գերմանական հարաբերությունների վրա։ Այսպիսի կարծիք է հայտնել Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը Foreign Affairs պարբերականում հրապարակած «Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը» հոդվածում:

Փորձագետը նշում է, որ Գերմանիան ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը կլինի․ Եվրոպայում Գերմանիան հետևեց Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և մի շարք այլ երկրների օրինակին, որոնք ճանաչել են հայերի ցեղասպանությունը անցած տարիներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Գրեթե բոլոր պատմաբանները համաձայն են, որ հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն էր, չնայած այդ հասկացությունը կոնկրետ չէ և սահմանվել է 30 տարի անց», - գրում է Թոմաս դե Վաալը:

«Երբ օսմանցիները սկսեցին տարհանել հայերին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Գերմանիան նրանց սերտ դաշնակիցն էր։ Գերմանացի սպաները և զինվորները ուղղակիորեն չեն մասնակցել տեղահանումներին, որոնց արդյունքում Օսմանյան կայսրությունում գրեթե ամբողջ հայ բնակչությունը ոչնչացվեց, բայց նաև նրանք ոչինչ չեն արել նրանց կանգնեցնելու համար», - գրում է դե Վաալը։

Միաժամանակ, փորձագետը նշում է, որ գերմանացի օրենսդիրները բանաձևի ձևակերպումները նրբորեն են արել՝ խուսափելու համար այնպիսի մեկնաբանություններից, թե Գերմանիան պակաս պատասխանատու չէ, քան սեփական պատմական հանցագործության դեպքում։ Բանաձևում նշված է՝ «Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք տարբերությունը Հոլոքոստից, որի համար Գերմանիան իր մեղքը և պատասխանատվությունը ունի», - նկատում է Թոմաս դե Վաալը։

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը:

Կարդացեք նաև՝ Ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը չեղարկելու հայցը՝ Սահմանադրական դատարանում

Թուրքիան Գերմանիայի դեմ «միջոցներ» է մշակում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---