ՀՔԾ. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հարցաքննվել է

ՀՔԾ. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հարցաքննվել է

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ:

Այդ մասին փոխանցել է ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատու Միքայել Ահարոնյանը:

Նա տեղեկացրել է, որ քննչական գործողությունների շրջանակում մի խումբ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը հարցաքննվել են:

«Բազմաթիվ քննչական գործողություններ են կատարվում, բայց նախաքննության այս փուլում դրանք հրապարակման ենթակա չեն, որովհետև դրանց հրապարակումը այս փուլում չի բխում քննության շահերից», -ասել է Ահարոնյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ քրեական գործով որևէ մեղադրյալ ներգրավված չէ, Ահարոնյանը պատասխանել է. «Որպեսզի անձին մեղադրանք առաջադրվի, պետք է լինեն փաստական, հիմնավոր տվյալներ: Քանի որ գործի նախաքննությունն այս պահին շարունակվում է, վաղաժամ է խոսել մեղադրյալ ներգրավելու մասին»:

«Քրեական գործը բազմադրվագ է և ծավալուն քննչական գործողություններ են պահանջվում», -հայտնել է ՀՔԾ-ի ներկայացուցիչը:

Արդյոք հարցում կատարվե՞լ է օֆշորային գոտիներ կամ Շվեյցարիա հարցին պատասխանել է, որ այս պահին նման տվյալներ չի կարող տրամադրել:

Քրեական գործը հարուցվել է մայիսի 2-ին, ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:

«Հետք» պարբերականը մայիսին հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերության:

Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին՝ հրաժարական տալով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---