ՀՀ նախագահ. ՌԴ հետ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել երկրների հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը

ՀՀ նախագահ. ՌԴ հետ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել երկրների հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:

Հանրապետության նախագահը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը:

Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա հիմնված հայ-ռուսական համագործակցության դաշնակցային բնույթը մշտապես արտահայտվում է ինչպես երկկողմ միջպետական մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում փոխգործակցությամբ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը, որոնք միտված են կայունության և անվտանգության պայմաններում զարգացման ապահովմանը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

ՌԴ կառավարության նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության նախագահը նշել է, որ Ռուսաստանի համար տոնական նշանավոր այս օրն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարօրության ու միջազգային ասպարեզում երկրի դերի ամրապնդմանն ուղղված՝ Ռուսաստանի կենսագործունեության բոլոր ոլորտների խորը փոխակերպումների հետ:

Հունիսի 12-ին ՌԴ-ում նշվում է Ռուսաստանի օրը: 1990թ. հունիսի 12-ին ՌԽՍՀ Ժողովրդական պատգամավորների համագումարը հռչակագիր է ընդունել ՌԴ ինքնիշխանության մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---