ՀՀ-ում աշխատող երեխաների թիվը մոտ է 1100-ին

ՀՀ-ում աշխատող երեխաների թիվը մոտ է 1100-ին

PanARMENIAN.Net - Ուսումնասիրությունների համաձայն այսօր աշխարհում 215 մլն երեխա ներգրավված է տարբեր տեսակի աշխատանքներում՝ ընդ որում՝ 115 մլն-ը վատթարագույն պայմաններում է աշխատում: Այս մասին լրագրողներին հայտնել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Հունիսի 12-ը երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրն էր:

1999 -ին Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է «Երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: 2006 -ին Հայաստանը միացել է այդ կոնվենցիային և ստանձնել մի շարք միջազգային պարտավորություններ, որոնց նպատակն է պայքարել ՀՀ-ում երեխաների ներգրավվածությանը վատթարագույն աշխատանքների մեջ:

«Այն բոլոր աշխատանքի ձևերը, որոնք միտված են երեխայի կրթության, բնականոն զարգացման, անվտանգության և բարոյականության դեմ, համարվում են վատթարագույն աշխատանքի ձևեր»,- նշել է Մուրադյանը՝ հավելելով, որ օրենքի համաձայն՝ երեխաներն ունեն աշխատանքի իրավունք, սակայն մինչև 14 տարեկան երեխաները իրավունք չունեն մտնել որևէ իրավահարաբերության մեջ, 14-16 տարեկան երեխաները կարող են մտնել աշխատանքային իրավահարաբերության մեջ միայն ծնողների կամ ծնողներից մեկի գրավոր համաձայնության դեպքում:

Մուրադյանը հայտնել է, որ 2014-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ Հայաստանում երեխաների աշխատանքում ներգրավվածության վերաբերյալ: Ըստ այդմ՝ մեր երկրում երեխաները հիմնականում ներգրավված են սեզոնային աշխատանքներում, գրում է Panorama.am-ը:

«Խոսքը հատկապես վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, ինչը հաճախ պատճառ է դառնում նրանց կրթությունից դուրս մնալուն»,- նշել է Մուրադյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ Մուրադյանի, Հայաստանում աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի, սակայն հիմնականում այդ երեխաների աշխատանքը որևէ տեղ գրանցված չէ:

«Շատ հաճախ նման ծանր աշխատանքը վնասակար է նրանց համար և խանգարում է սովորելուն: Մանկավարժներն էլ գիտեն, թե նրանք ինչու դպրոց չեն հաճախում, բայց մտնում են ընտանիքների դրության մեջ: Արդյունքում, իրավապահ մարմինները չեն իմանում այդ երեխաների մասին»,- ընդգծել է նա:

Մուրադյանի խոսքով, երեխայի աշխատանքի մեջ ներգրավված լինելը ինքնին առանձին սոցիալական խնդիր է, սակայն պետք է նայել պատճառներին: Պատճառներից առաջինն աղքատությունն է: «Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 37%-ն ապրում է աղքատության, իսկ 3,3%-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ: Հետևաբար՝ աղքատության մեջ ապրող երեխաները ավելի շատ են ընդգրկվում տարբեր տեսակի, այդ թվում՝ ծանր և վնասակար աշխատանքներում, որպեսզի հոգան ընտանիքի սոցիալական խնդիրերը: Եթե կտրուկ քայլերի էլ գնանք, ապա ընտանիքները շատ ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջ կկանգնեն»,- պարզաբանել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչը:

Մուրադյանի խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքը հաճախ խանգարում է երեխաների նորմալ զարգացմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---