Ուզբեկստանում դատված Ավագյանի դատապարտված փաստաբանն ազատ է արձակվել

Ուզբեկստանում դատված Ավագյանի  դատապարտված փաստաբանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Ուզբեկստանում իսլամիստական ծայրահեղականության և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված 34-ամյա հայազգի Արամայիս Ավագյանի փաստաբան Օլիմ Կոբիլովը 7 տարվա բանտարկության վերաբերյալ դատարանի որոշումից հետո բանտում չէ:

Իշխանությունների սպառնալիքներից հետո Ավագյանի փաստաբան Աբդուլաևան ստիպված է եղել հրաժարվել պաշտպանությունից, իսկ երկրորդ փաստաբանի՝ դատարանում նրա շահերը պաշտպանած Օդիլ Կոբիլովի դեմ հարուցվել է քրեական գործ և նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։

«Ես տանն եմ», - ասել է փաստաբանը՝ ավելացնելով. - «Կներեք, չեմ կարող խոսել Ձեզ հետ», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանի հայակական ծառայությունը:

Փաստաբանը նպատակահարմար չի համարել մանրամասնել, թե երբ է դատարանը որոշում կայացրել իր ազատազրկման պատժաչափը փոխելու վերաբերյալ:

Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը փոխանցել է , որ փաստաբանն իրեն տեղեկացրել է՝ պետք է տուգանք վճարի: Նա նաև վկայել է, որ փաստաբանն իր գործի վերաբերյալ հեռախոսով մանրամասներ հաղորդելուց խուսափում է, քանի որ նրա հեռախոսազրույցները գաղտնալսվում են: «Տանից դուրս չի գալիս», - ասել է Սաքունցը:

Ավագյանի գործով ստեղծված միջազգային պաշտպանության կոմիտեում ներգրավված իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատությանը» փոխանցել է , որ «Արամայիսի փաստաբանին ազատություն են շնորհում պայմանով, որ երկիրը լքի, այսինքն՝ արտաքսում»։

Ավագյանի և նրա հետ դատապարտված ազգությամբ երեք ուզբեկ, մեկ տաջիկ դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը ստանձնած «Ավագյան+4» կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և Ուզբեկստանի իշխանություններին հորդորել «ականջալուր լինել Եվրամիության կոչին, միջազգային չափանիշներին և Ուզբեկստանի օրենսդրությանը համապատասխան կարգով վերանայել Արամայիս Ավագյանի և ընկերների, ինչպես նաև Ավագյանի փաստաբան Օդիլ Կոբիլովի գործը»:

Միջազգային կոմիտեի հորդորն ուղղված էր Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Եվրոպական միության ղեկավարությանը, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Human Rights Watch, Amnesty International, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Ուզբեկստանում բավականին ազդեցիկ իրավապաշտպան Սուրաթ Իքրամովը հայտնել է, որ հույս ունի՝ կազատեն նաև Արամայիս Ավագյանին, սակայն արդարացման դատավճիռը հավանականչի համարել: «Եթե արդարացման դատավճիռ կայացնեն, նշանակում է՝ պետությունը, իշխանությունները համարում են, որ նա ճիշտ էր: Այդ դեպքում քննիչները, որոնք գործով զբաղվել են նախքան դատավարությունը, ուղղակի պետք է պատասխանատվության ենթարկվեն, պատժվեն: Այդ պատճառով, դժվար թե գնան այդ քայլին», - բացատրեց Իքրամովը՝ հավելելով․ - «Հնարավոր է՝ հիվանդությունների հետ կապված ազատեն»:

Ձկնաբուծարանը տեղական իշխանության ղեկավարին չզիջելուց հետո քրեական պատմությունների մեջ հայտնված Արամայիս Ավագյանն անգամ խոշտանգումներից հետո էր հրաժարվել ընդունել իրեն վերագրվող ծայրահեղականության և մյուս մեղադրանքները:

Այժմ նրա բողոքը Ուզբեկստանի գերագույն դատարանում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---