Հայաստանը խստիվ դատապարտում է Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված հրթիռակոծումը

Հայաստանը խստիվ դատապարտում է Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված հրթիռակոծումը

PanARMENIAN.Net - Հայաստանը մտահոգված է «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման կողմից Հալեպի նկատմամբ վերջին հարձակումների կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ մասին հունիսի 16-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1105-րդ նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը` հանդես գալով հայտարարությամբ Սիրիայի Հալեպ քաղաքի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

Հայկական կողմը խստիվ դատապարտում է Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված ու հետևողական հրթիռակոծումը, որի հետևանքով միայն հայաբնակ թաղամասերում զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ և լուրջ վնաս է հասցվել Սուրբ Երրորդության «Զվարթնոց» հայկական կաթոլիկ եկեղեցուն, հայկական ծերանոցին և պատմամշակութային ու գիտակրթական նշանակության այլ շենքերի:

ՀՀ դեսպանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի առաքելությունը հետևողականորեն բարձրաձայնել է Սիրիայում և Իրաքում գործող օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների, մասնավորապես, «Իսլամական պետություն», «Ալ Նուսրա ճակատ», ինչպես նաև «Ալ Քաիդա»-յի հետ առնչություն ունեցող ահաբեկչական այլ խմբավորումների խնդիրը: Ընդգծվել է, որ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ հայկական համայնքը, հանդիսանում են այդ խմբավորումների առաջնային թիրախը:

Դեսպան Կիրակոսյանը նշել է, որ վերոհիշյալ ահաբեկչական կազմավորումների գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության համար: Բռնի ծայրահեղականությունը, արմատականացումն ու ահաբեկչությունը թիրախ են դարձնում էթնիկ ու կրոնական փոքրամասնություններին, սպառնում նրանց գոյությանը Մերձավոր Արևելքում ու առավել սրում ԵԱՀԿ տարածքում առկա միգրացիոն ճգնաժամը: Հայոց ցեղասպանությունը վերապրածներն են ձևավորել Հալեպի հայկական համայնքը, և 101 տարի անց այդ համայնքը պայքարում է իր գոյության համար ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող անդրսահմանային աջակցության պայմաններում:

ՀՀ դեսպանը հղում է կատարել ԵԱՀԿ Բազելի ու Բելգրադի նախարարական հռչակագրերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170, 2178, 2199 և 2249 բանաձևերին՝ կոչ անելով բոլոր մասնակից պետություններին առանց որևէ նախապայմանների իրականացնել վերոհիշյալ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները ահաբեկչության դեմ պայքարում: Արման Կիրակոսյանը, մասնավորապես, կոչ է արեց Թուրքիային կանխել ահաբեկչական խմբերի կողմից քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ անդրսահմանային հարձակումներ իրականացնելու նպատակով իր տարածքի օգտագործումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հրադադարի ռեժիմի հաստատումից ի եվր «Ջեբհաթ ան Նուսրան» երկու անգամ փորձել է հարձակման անցնել Հալեպի շրջանում, սակայն սիրիական բանակին հաջողվել է հետ մղել գրոհները: Դրանից հետո իսլամիստները սկսել են գնադկոծել բնակելի թաղամասերը: Մարտական գործողությունները չեն դադարում նույնիսկ Ռամադանի շրջանում, որը սրբազան ամիս է համարվում մահմեդականների համար: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայում տասնյալ քարոզիչներ կան Սաուդյան Արաբիայից, որոնք համոզում են ահաբեկիչներին չդադարեցնել պայքարը:

Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---