ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին. Միայն կշահենք

ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին.  Միայն կշահենք

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվել է Իրանի հետ առանց վիզայի այցելության մասին հուշագիրը:

2016 թվականի հունիսի 5-ին Թեհրանում ստորագրվել է ՀՀ կառավարության և Իրանի միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելության մասին փոխըմբռնման հուշագիրը: Դրանով առաջարկվում է, որ այսուհետ առանց որևէ վիզայի ձևակերպման Հայաստանի քաղաքացիները կարողանան այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակը:

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է, թե արդյոք հուշագիրը գին ունի:

«Վիզայի համար սովորաբար վճարվում է, նույնիսկ սահմանին խփում ենք այդ կնիքը, նույնիսկ դրա համար գումար է վճարվում։ Հիմա այս հարցի գինը որքա՞ն է, և արդյո՞ք վնասներ կրում ենք», -հետաքրքրվել է Սարգսյանը:

Ի պատասխան Քոչարյանն ասել է, որ, ֆինանսների նախարարության գնահատմամբ, բյուջեի վրա վիզաների ռեժիմի վերացումը որևէ ազդեցություն չի ունենա, գրում է Panorama.am-ը:

«Բանն այն է, որ ամեն մի վիզայի համար Իրանի քաղաքացիները վճարում են 7 ԱՄՆ դոլար: Մյուս կողմից այն հաշվարկները, որ կան, ցույց են տալիս, որ զբոսաշրջության ծավալի ավելացման, տարբեր նպատակներով այցելությունների շնորհիվ մենք, հակառակը, կշահենք, այլ ոչ թե կտուժենք», - պարզաբանել է Քոչարյանը:

Նա մատնանշել է Վրաստանի փորձը, երբ Իրանի հետ վիզային ռեժիմի վերացման արդյունքում աճել է զբոսաշրջությունը և «նրանց բյուջեն շահել է»:

ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հետաքրքրվել է, թե ինչպիսին է ներկայումս քաղաքացիների տեղաշարժի վիճակագրությունը: Քոչարյանը հայտնել է, որ ավելի շատ Իրանից են Հայաստան այցելում:

«Իրանից ավելի շատ քաղաքացիներ են գալիս Հայաստան: Եղել են լավ ժամանակներ, իսկ երբ պատժամիջոցները սրվեցին Իրանի նկատմամբ, մինչև 120 հազար այցելու էր լինում Իրանից: Հետո այդ թիվը նվազեց, որը առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ ձեռքներին արտարժույթ չկար: Հիմա պատժամիջոցները վերացնելուց հետո այդ թվի ավելանալու միտում կա», ներկայացրել է փոխարտգործնախարարը:

Հուշագրով նախատեսվում է, որ այցելությունների ժամանակ 180 օրվա ընթացքում քաղաքացին կարող է գտնվել տվյալ երկրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---