Կանադայում օրինականացրել են էվթանազիան

Կանադայում օրինականացրել են էվթանազիան

PanARMENIAN.Net - Կանադայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով թույլատրվում է ակտիվ էվթանազիան, հավանություն տալով վերին պալատի` Սենատի համապատասխան օրինագծին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կողմ է քվեարկել 190 պատգամավոր, դեմ` 108-ը:

Հունիսի 17-ի երեկոյան օրինագիծը ստացել է թագավորական արտոնություն: Ավելի վաղ նույն օրը տեղի է ունեցել քվեարկությունը Սենատում` 44 պատգամավոր հավանություն է տվել օրինագծին, դեմ է արտահայտվել 28-ը:

Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։ Առանձնանում է էվթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։

Գոյություն ունեն նաև էֆթանազիայի կամավոր և ոչ կամավոր տեսակները։ Կամավոր էֆտանազիան իրականացվում է հիվանդի համաձայնությամբ, կամ նախապես ձևակերպված իրավական պայմանվորվածությամբ (նախատեսված է անդարձ կոմայի դեպքում)։ Ոչ կամավոր էֆտանազիան իրականացվում է անկախ հիվանդի կամքից, եթե նա անգիտակից է և անկարող է իր կամքը արտահայտել:

Կանադայում երկար բանավիճեցին ուղղման անհրաժեշտության մասին, որը թույլ կտար կանադացիներին էվթանազիայի դիմել եթե մարդը տառապում է լուրջ հիվանդությամբ, սակայն մահվան եզրին չէ: Սկզբից Սենատն ընդունեց այդ ուղղումը, սակայն հետո` հունիսի 16-ին մերժեց: Արդյունքում ուղղումը չընդգրկվեց օրենքում:

2015-ի փետրվարին Կանադայի Գերագույն դատարանը հանեց էվթանազիայի արգելքը, որը գործում էր 1993-ից: Գերագույն դատարանը որոշեց, որ այն հիվանդները, որոնք «անտանելի տառապանքներ են կրում», կամ որոնց վիճակը գնահատվել է որպես անբուժելի, կարող են կամավոր հեռանալ կյանքից: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնելու օրենքի ընդունումից հետո:

Առաջինն ակտիվ էվթանազիան օրինականացրեցին Նիդերլանդները: Հետո անբուժելի հիվանդների մահվան բուժաջակցությունն օրինականացվեց Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում: ԱՄՆ-ում էվթանազիան օրինականացված է 4 նահանգում: Որոշ երկրներում թույլատրված է պասիվ էվթանազիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---