ԱԶԲ խորհրդի անդամների այցը ՀՀ. 2014-2018 ծրագիր, ներդրումներ, ֆինանսական և փորձագիտական աջակցություն

ԱԶԲ խորհրդի անդամների այցը ՀՀ. 2014-2018 ծրագիր, ներդրումներ, ֆինանսական և  փորձագիտական աջակցություն

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին: Հանրապետության նախագահը նշել է, որ այցը ևս մեկ անգամ վկայում է ԱԶԲ-ի հետ Հայաստանի ունեցած ամուր գործընկերային հարաբերությունների մասին:

Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ԱԶԲ-ի գործունեությունը: Ընդգծելով, որ գործակցության անցած ավելի քան մեկ տասնամյակում երկկողմ արդյունավետ փոխգործակցության արդյունքում բանկի կողմից Հայաստանի տնտեսության մեջ կատարվել են զգալի ներդրումներ, նախագահը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ ֆինանսավորմամբ մեր երկրում մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանն ու հետագա գործակցության ծրագրերին՝ նկատի առնելով ՀՀ տնտեսության առաջնահերթությունները:

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունների պայմաններում Հայաստանի վարած խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունը և դրա արդյունքում արձանագրված ցուցանիշները: Նրանք ընդգծել են, որ բանկը շարունակելու է Հայաստանի բարեփոխումների օրակարգին օժանդակությունն ու տնտեսության զարգացմանը նպաստելու առաքելությունը:

Հանդիպմանը ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներն իրենց մոտեցումներն ու գնահատականներն են ներկայացրել բանկի հետ Հայաստանի 2014-2018թթ. գործընկերության ռազմավարության շրջանակներում իրականացված և ընթացիկ ծրագրերի մասին:

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի պատվիրակության հետ հանդիպել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, անգամ արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պայմաններում կառավարության ձեռնարկած արդյունավետ քայլերի շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել ոչ ցանկալի զարգացումներից և 2015 թ. եզրափակել 3 տոկոս տնտեսական աճով, արտահանման շուկաների որոշակի դիվերսիֆիկացմամբ և ֆինանսական կայունության պահպանմամբ:

Կառավարության ղեկավարն ասել է, որ բանկի բոլոր ծրագրերը շոշափելի ներդրում են ունեցել Հայաստանի տնտեսական աճի ու զարգացման հեռանկարի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման, բնակչության կյանքի որակի բարելավման տեսանկյունից:

Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը` երկրի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ, և այս առումով կարևորել ՀՀ-ում մասնավոր հատվածի համար հավասար մրցակցային պայմանների բարելավումը՝ անհրաժեշտ համարելով այդ գործընթացում, ինչպես նաև մեր երկրում բարեփոխումների իրականացման օրակարգի մշակման գործում նաև ԱԶԲ-ի փորձագիտական ու խորհրդատվական աջակցությունը:

ԱԶԲ-ի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գրասենյակի գործադիր տնօրենՎանգն ասել է.

«Թույլ տվեք մեր պատվիրակության անունից շնորհավորել ՀՀ կառավարությանը՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում գրանցված սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հատկապես 2015 թ. և 2016 թ. առաջին 5 ամսվա ընթացքում արձանագրված առաջընթացի համար: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ ԱԶԲ-ն լինելու է ձեր գործընկերը, և մենք շարունակելու ենք օժանդակությունը Հայաստանին»,-ասել է նա:

Վանգն անդրադարձել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև 2014-2018 թթ. համագործակցության ռազմավարության առաջնահերթություններին և նշել, որ բանկի թիմը սերտորեն համագործակցում է Հայաստանի իր գործընկերների հետ: Նա տեղեկացրել է, որ Թբիլիսի-Երևան ճանապարհին պատվիրակությունը ծանոթացել է Մ6 մայրուղու՝ լայն թափով ընթացող շինարարական աշխատանքներին, այցելել է նաև դպրոցների սեյսմակայունության ծրագրի թեկնածու դպրոցներից մեկը, հանդիպել աշակերտներին և ուսուցիչներին և իրենց գոհունակությունն են հայտնում աշխատանքների ընթացքի կապակցությամբ:

Անդրադառնալով Հայաստանի բարեփոխումների օրակարգին՝ Վոնգը նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցություն տրամադրել մեր երկրին և ծառայություններ մատուցել:

2016-ի փետրվարին հայտնի է դարձել, որ Ասիական զարգացման բանկը համաֆինանսավորելու է Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մոտ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունը:

Կարդացեք նաև՝ Հայաստանի պարտքերը. Ում և ինչքան

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---