Հարվարդի ուսանողները կհետազոտեն ՀՀ-ն ու տարածաշրջանը

Հարվարդի ուսանողները կհետազոտեն ՀՀ-ն ու տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկը Հարվարդի համալսարանի Ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների Դեվիս Կենտրոնի հետ կնքել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Դեվիս կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդրա Վաքրուն: Հուշագրի համաձայն, ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը յուրաքանչյուր տարի կհյուրընկալի Հարվարդի համալսարանի 3-4 ուսանողների, որոնք իրենց պրակտիկայի շրջանակում կիրականացնեն Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ հետազոտություններ:

Հարվարդի համալսարանի և Կենտրոնական բանկի այս գործակցությունն սկսել է 3 տարի առաջ, և այժմ հուշագրով այն ամրապնդվում ու երկարաժամկետ համագործակցության է վերածվում, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Նույն հուշագրով, իր հերթին Հարվարդի համալսարանը տարեկան կհյուրընկալի ՀՀ ԿԲ-ի 2 աշխատակցի՝ ֆինանսների, մակրոտնտեսագիտության, հանրային կառավարման բնագավառներում ակադեմիական հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Այս հուշագիրը ՀՀ ԿԲ-ի և Հարվարդի համալսարանի գործակցության կարևորագույն ձեռքբերումն է: Այն հետազոտություններ իրականացնելու յուրօրինակ հնարավորություն կընձեռի ինչպես ԿԲ-ի աշխատակիցներին, այնպես էլ Հարվարդի համալսարանի ուսանողներին և էապես կնպաստի գիտելիքների ձեռքբերմանը, հետազոտական կարողությունների զարգացմանը և դրանց միջազգային փոխանակմանը: Հուշագիրը գիտելիքների կրկնապատկման և փոխանակման հարցում միջազգային պատրաստակամության լավագույն նմուշ է:

«Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը» ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված համալիր է։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Կենտրոնում անցկացվում են տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող կրթական, տարածաշրջանային և միջազգային ուսումնական ծրագրեր (սեմինարներ)։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---