«Կոմերսանտ». ՌԴ-ն չի կարող թույլ տալ, որ նախագահների պետերբուրգյան հանդիպումը ձախողվի

«Կոմերսանտ». ՌԴ-ն չի կարող թույլ տալ, որ նախագահների պետերբուրգյան հանդիպումը ձախողվի

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հունիսի 20-ին կբանակցեն ղարաբաղյան կարգավորման շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Պատերազմի եզրին գտնվող երկու երկրների նախագահների անձնական հանդիպումը, որոնք համաձայնվել են հանդիպել ՌԴ տարածքում, վերադարձնում է Մոսկվային հետխորհրդային տարածքում հնագույն հակամարտություններից մեկի կարգավորման առաջատարի դերը, գրում է «Կոմերսանտը»:

Փորձագետները նշում են, որ ռուսական դիվանագիտության ակտիվացման պատճառը Երևանի և Բաքվի լայնածավալ բախման աճող սպառնալիքն է, ինչը կարող է պայթեցնել իրավիճակը կարևոր տարածաշրջանում, որտեղ գլխավոր պարտվող կողմը կլինի Ռուսաստանը: Մոսկվան դժվարին խնդրի առջև է հայտնվել` հարկավոր է ոչ միայն հսկուղության տակ պահել իրավիճակը, այլ նաև առաջխաղացում սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի ուղղությամբ, որը կամրապնդի հրադադարի ռեժիմն ու «ճանապարհային քարտեզ» կդառնա հետագա կարգավորման համար, գրում է «Կոմերսանտը»:

Ընդունելով երկու երկրների ղեկավարներին Պետերբուրգում` Պուտինը սկզբում կհանդիպի յուրաքանչյուրի հետ առանձին, որից հետո երեկոյան տեղի կունենան եռակողմ ձևաչափով բանակցությունները: Ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Սանկտ Պետերգուրգի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման գործում առանցքային դեր ստանձնելու Ռուսաստանի երկրորդ փորձը կլինի: Պարբերականը նշում է, որ հակամարտող կողմերից մեկը` ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է և Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը, իսկ Ադրբեջանը համարվում ՌԴ ռազմավարական գործընկերն Անդրկովկասում:

2011-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են Կազանում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, որից ակնկալիքները մեծ էին, սակայն կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Վերջին պահին Ադրբեջանը 10 նոր առաջարկ ներկայացրեց:

2016-ին իրավիճակը տարածաշրջանում կտրուկ փոխվեց` ստատուս քվոն գնալով ավելի փխրուն է դառնում, իսկ կողմերի հայտարարությունները` կոշտ: Դա են հաստատում ապրիլյան բախումները Լեռնայիյն Ղարաբաղում, որոնք ամենաթեժն էին 1994 թ. ի վեր:

Սանկտ Պետերբուրգում հանդիպման նախօրեին Ալիևը զգուշացրեց, որ որակապես այլ արդյունքի է մտադիր հասնել, ոչ թե անցածի կրկնությանը: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մենք անիմաստ բանակցություններ կվարենք նաև առաջիկա 20 տարում, շատ է սխալվում»,-հայտարարել է Ալիևը:

Բաքվի կողմից նոր իրողության դրսևորում է նաև լայնածավալ ռազմական զորավարժությունների անցկացումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի հարակից տարածքում` զորավարժությունները մեկնարկել են հունիսի 18-ին, հանդիպման նախօրեին:

Անդրադառնալով զորավարժություններին` ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ի դեմս Ադրբեջանի ունեն «ապակառուցողական և անհուսալի գործընկեր»: «Զորավարժությունների անցկացումն այս պահին հիմարություն է և շանտաժի դրսևորում»,-ասել է նա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին մեղադրել է Ալիևին անհավասարակշիռ պահվածքի մեջ, Հայաստանի հասցեին ցինիկ հայտարարությունների և բանակցություններում ապագա կողմի հասցեին անձնական վիրավորանքների համար:

Հաշվի առնելով կողմերի հիմնարար տարաձայնությունները և բառերի և ժեստերի շարունակվող պատերազմը Բաքվի և Երևանի միջև` «Կոմերսանտի» հարցման մասնակից փորձագետները բավականին զուսպ են գնահատում հանդիպման հեռանկարները:

«Ռուսաստանի շահերից է բխում հակամարտության սառեցումը, ՀՀ և Ադրբեջանի միջև վերջնական ընտրություն չկատարելը, որը հղի կլինի լրջագույն հետևանքներով երկրի համար»,-ասել է Միջազգային գործերի գծով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ նրա, արագ առաջընթաց հնարավոր չէ, քանի որ փոխզիջման հասնելու կամք չկա ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում:

Ադրբեջանցի քաղաքագետ Այդին Մեհտիևն ասել է, որ բարձր մակարդակի հանդիպումը պետք է լինի դիվանագետների մանրակրկիտ աշխատանքի գագաթնակետը: «Քանի որ, ոչ մի աշխատանքային հանդիպում չի եղել, առաջխաղացում գործընթացում չի կարելի ակնկալել»:

Այդ հարցում նրա հետ համամիտ է հայ քաղաքագետ, Երևանի Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Մեկ ամսում, որն անցավ Վիեննայի հանդիպումից հետո, կողմերը պետք է գործի դնեին վստահության միջոցների մեխանիզմը, ինչը տեղի չունեցավ»: Ըստ նրա, իրական ակնկալիքը հանդիպումից բանակցությունների շարունակությունն է և հույսը, որ ապրիլյան սրացումը չի կրկնվի:

Անդրադառնալով այն հարցին, որ եթե հանդիպումը բեկում չի առաջացնի, ինչ նպատակ է հետապնդում այն, փորձագետներն ասել են, որ շարունակվող սրացումը տարածաշրջանում այլընտրանք չի թողել Պուտինին:

«Ակտիվ գործողությունների մեկնարկի դեպքում Մոսկվան արդեն չի կարողանա հավասար հեռավորություն պահպանել կողմերի հետ, ստիպված կլինի ընտրություն կատարել: Նույնիսկ չեզոքություն պահպանելու դեպքում Երևանը դա կգնահատի որպես դաշնակցային պարտավորությունների չկատարում: Այդ իրավիճակում ՌԴ-ն գլխավոր պարտվող կողմը կլինի: Հենց դրանից է ձգտում խուսափել Պուտինը»,-հայտարարել է Միջազգային գործերի գծով ռուսական խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը:

Փորձագետ Ալեքսանդր Դինկինն իր հերթին նշել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը պետք է ապասրացնի իրավիճակը և նպաստի հրադադարի ամրապնդմանը` նախանշելով ապագա կարգավորման «ճանապարհային քարտեզը»:

«Եթե Պուտինն իր քաղաքական կապիտալն է գործի դրել եռակողմ հանդիպման կամզակերպման համար, նա չի կարող թույլ տալ, որ այն ձախողվի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---