Արցախում բացվել է Կարմիր շուկա համայնքային կենտրոնը. Աջակցել են ֆրանսահայերը

Արցախում բացվել է  Կարմիր շուկա  համայնքային կենտրոնը. Աջակցել են ֆրանսահայերը

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Արցախի Կարմիր շուկա համայնքում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության մասնակցությամբ բացվել է նորակառույց համայնքային կենտրոնը, որը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Հանդիսությանը ներկա էին Հիմնադրամի գործադիր վարչության և Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչները, բարերարներ, համայնքի բնակիչներ:

Նորակառույցը Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցված ութերորդ համայնքային կենտրոնն է վերջին երեք տարվա ֆրանսահայերի միջոցներով Արցախում իրականացված մեկ տասնյակից ավելի ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերի շարքում, այդ թվում՝ ջրամատակարարում, կրթություն, առողջապահություն:

Ֆրանսահայ մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն Արցախին բերեցին նաև ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Այդ օրերին Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հրատապ կարիքներին, ինչին հաջորդեց մեծաքանակ դեղորայքի, բժշկական սարքերի ու պարագաների, երկու շտապօգնության մեքենայի նվիրաբերումը:

Համայնքային կենտրոնը կրում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հիմնադիրներից Էդի Ջոլոլեանի անունը, ով հանդիսանում է նաև Ֆրանսիայի «Նավասարդ» պարախմբի հիմնադիրը: Գյուղապետարանից բացի, կենտրոնում կգործեն գրադարանը, համակարգչային սենյակը, խաղասենյակը, շախմատի սենյակը: Հանդիսությունների դահլիճն էլ՝ հանդերձարաններով ու ետնաբեմի սենյակով, կարող է հյուրընկալել տարբեր միջոցառումներ ու ներկայացումներ 160 և ավելի հանդիսատեսի համար: Բացման հանդիսության իսկ օրը արտերկրից ժամանած հյուրերի ներկայությամբ համայնքը հնարավորություն ունեցավ այստեղ տեսնելու իր շնորհաշատ պատանիների կատարումները:

«Այսպիսի կենտրոնները, որոնց թիվն Արցախում արդեն հասնում է երկու տասնյակի, հրաշալի լուծում են գյուղական համայնքների համար, թե՛ ծախսերի օպտիմալացման և թե՛ համայնքի առօրյան աշխուժացնելու առումով: Կենտրոնում նախատեսում ենք կազմակերպել նաև խմբակներ երեխաների համար»,- ասել է Կարմիր շուկայի գյուղապետ Սամվել Հակոբջանյանը:

Մոտ 1150 բնակիչ ունեցող համայնքը նախկինում Հիմնադրամի իրականացրած ձեռնարկների շնորհիվ այսօր ունի նաև կանոնավոր ջրամատակարարում և բարեկարգ գյուղամիջյան ճանապարհ /Հյուսիս-հարավ ճանապարհահատված/: Ֆրանսահայ երիտասարդների նախաձեռնությամբ էլ վերանորոգման աշխատանքներ են տարվել գյուղի մանկապարտեզում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---