ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 23-ին կքննարկի ՀՀ-ին օգնության հատկացման հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 23-ին կքննարկի ՀՀ-ին օգնության հատկացման հարցը

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի արտաքին հատկացումների, այդ թվում Հայաստանին, հարցերը: Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովին հանձնարարված է կազմել 2017-ի ֆինանսական տարում Հայաստանին ցուցաբերվող արտաքին օգնության օրինագիծը և ներկայացնել Կոնգրեսին ու Սենատին, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Սենատում օրինագծի քննարկման ամսաթիվը չի հաստատված, սակայն, ակնկալվում է, որ հավանաբար սկզբնական քննարկումը Կոնգրեսի երկու պալատում տեղի կունենա մոտ ապագայում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ արտաքին օգնության գերակա ուղղությունների թվում նշել է Լեռնային Ղարաբաղին առնվազն 5 մլն դոլար ֆինանսական օգնությունը, որն ուղղված է լինելու հումանիտար և զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնի արդիականացմանն ու ընդլայնմանը:

Բացի այդ, առաջարկվում է զրոյացնել Ադրբեջանին ԱՄՆ կողմից հատկացվող օգնությունը, քանի դեռ այդ երկրի նախագահը համաձայնություն չի տվել դիպուկահարներին և ծանր զինատեսակները հետ քաշելու մասին սենատորներ Ռոյսի և Էնգելի պայմաններին: Առաջարկվում է Հայաստանին առնվազն 40 մլն դոլար հատկացնել առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման համար և արտահերթ կարգով առնվազն 10 մլն դոլար հատկացնել Մերձավոր Արևելքից Հայաստան ժամանած մոտ 20 հազար սիրիացիներին տեղավորելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան հայտարարել է, որ 2017-ին Սպիտակ տան կողմից առաջարկված պետբյուջեի նախագծի համաձայն, Հայաստանին ուղղվող ամերիկյան օգնությունը պետք է աճի 22 տոկոսով, կազմելով 22 միլիոն դոլար: Դրանից բացի Միացյալ Նահանգները 3 միլիոն դոլարից ավելի տրամադրելու է Հայաստանի ռազմական և իրավապահ համակարգերի զարգացման համար:

2016-ի փետրվարին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը: ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:Օբամայի առաջարկով՝ Հայաստանին որպես տնտեսական օգնություն պետք է տրամադրվի $22.412.000, ինչը 22%-ով բարձր է նախորդ տարվա հատկացումից: Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է այդ երկրին տրամադրել $10.936.000:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---