Նալբանդյան. Պետերբուրգում ԼՂՀ հարցով պայմանավորվածություն ձեռք չի բերվել

Նալբանդյան. Պետերբուրգում ԼՂՀ հարցով պայմանավորվածություն ձեռք չի բերվել

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին ԼՂՀ հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարությունը հարցի շուրջ:

Մամեդովն ասել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ է համաձայնություն ձեռք բերվել: «Նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա:

«Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։

Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», - հայտնել է Նալբանդյանը։

Նրա խոսքով, այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։

«Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար», - հավելել է ԱԳ նախարարը։

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---